ԵՊԼՀ-ում արտաքին գնահատում իրականացրած փորձագիտական խմբի ղեկավար Մարգարիտա Պողոսյանը հանձնաժողովին ներկայացրեց բուհի ուժեղ և թույլ կողմերը, նախորդ հավատարմագրման ժամանակ հաստատված բարելավման պլանի իրագործման արդյունքները։ Մ. Պողոսյանը նշեց, որ բուհը հիմնականում իրագործել է առաջին հավատարմագրման արդյունքում մշակված թերությունների վերացման ծրագիրը, և բուհում նախկինում արձանագրված խնդիրները մեծ մասամբ լուծվել են։ Այնուամենայնիվ, ըստ փորձագիտական խմբի ղեկավարի՝ բուհը դեռևս բարելավմանն ուղղված մի շարք միջոցառումներ պետք է իրականացնի հատկապես «Հետազոտություն և զարգացում» (Չափանիշ 6) և «Ենթակառուցվածք և ռեսուրսներ» (Չափանիշ 7) ոլորտներում։
ԵՊԼՀ ներկայացուցիչները նույնպես հանդես եկան ելույթով՝ նախ և առաջ շնորհակալություն հայտնելով ՈԱԱԿ-ին և փորձագիտական խմբի ներկայացուցիչներին իրենց կատարած արդյունավետ աշխատանքի և համագործակցության համար: ԵՊԼՀ ներկայացուցիչները նշեցին, որ կշարունակեն հետևողական լինել փորձագիտական խմբի կողմից նշված բարելավման ենթակա ուղղությունների շարունակական բարելավմանը:
ԵՊԼՀ-ում ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացը սկսվել էր 2018 թվականից:
Հարկ է նշել, որ սա ԵՊԼՀ-ի 2-րդ ինստիտուցիոնալ հավատարմագրումն էր. բուհն առաջին անգամ 4 տարով ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացել էր 2015 թվականին։