Հոկտեմբերի 30-ին ԵՊԼՀ Ֆրանկոֆոն հետազոտությունների միջհամալսարանական ակադեմիական նվաճումների (ՖՀՄԱՆ) կենտրոնի և ԵՊԼՀ Շրջանավարտների միավորման նախաձեռնությամբ տեղի ունեցավ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Հեղափոխություն» գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը:

«Հեղափոխություն»-ն առաջին եվրոպական քաղաքական բեսթսելլերն է, որը հրատարակվում է հայերեն: Գրքի թարգմանիչներն են մեր համալսարանի շրջանավարտ, ճանաչված լրագրող Արտակ Հերիքյանը և ռոմանական լեզուների ամբիոնի դոցենտներ Ժակլին Մինասյանն ու Հասմիկ Գրիգորյանը, իսկ խմբագիրն է «Նյու մեգ» ամսագրի գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը:

Կարիերայի կենտրոնի ղեկավար և Շրջանավարտների միավորման գործադիր տնօրեն Լևոն Բաբամյանը ողջունեց ներկաներին.

‹‹Սա գրքի հայերեն տարբերակի երկրորդ շնորհանդեսն է. Առաջինը եղել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը: Մեզ համար մեծ պատիվ է այստեղ հյուրընկալել մեր 3 շրջանավարտներին և «Հեղափոխություն» գրքի հայերեն տարբերակի խմբագրին››,-նշեց Շրջանավարտների միավորման գործադիր տնօրենը:

 Գրքի խմբագիր Գնել նալբանդյանը նշեց, որ շատ ուրախ է նման համագործակցության համար. «Ինձ համար շատ ուրախալի էր աշխատել թարգմանիչների հետ, որոնց աշխատանքից հետո խմբագրին շատ բան չի մնում: Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանում այդպիսի թարգմանիչներ կան»:,-նշեց խմբագիրը:

Գրքի թարգմանիչ Արտակ Հերիքյանը նշեց, որ շատ ուրախ է գտնվել մի բուհում, որի սանն է եղել և հավաստեց, որ ԵՊԼՀ-ն այն բուհն է, որտեղ սովորեցնում են մտածել. ‹‹Այսպիսի կրթական միջավայր Հայաստանի այլ բուհերում չկա: Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ դասախոսներին դրա համար, շնորհակալ եմ նաև համահեղինակության համար: Թարգմանչական գործի ամենաբարդ պահն ինձ համար թարգմանելն է այնպես, ինչպես Մակրոնը կասեր, եթե նա հայ լիներ››,-նշեց թարգմանիչը:

ՖՀՄԱՆ կենտրոնի ղեկավար Ժակլին Մինասյանն էլ շնորհավորեց ֆրանկոֆոն հանրությանը այս թարգմանության առթիվ. ‹‹Ինչպես Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանն ասացի, այդպես էլ հիմա եմ վերահաստատում՝ գիրքը շատ համահունչ է Հայաստանի հեղափոխական ֆոնին: Գիրքը ուղեցույց է՝ ինչպես առաջ ընթանալ: Մեր նպատակն է եղել պահպանել ոգին ու փոխանցել այն››,-նշեց թարգմանիչը:

Հասմիկ Գրիգորյանի խոսքով՝ Մակրոնի գործունեությունը կարելի է համեմատել երկրաշարժի հետ. ‹‹Ֆրանսիայի ամենաերիտասարդ նախագահը  գրքում ներկայացնում է երկրի ապագայի մասին իր պատկերացումները: Ինձ համար մեծ պատիվ և պատասխանատվություն է եղել աշխատել այս կազմի հետ››,-նշեց թարգմանիչը:

Արտակ Հերիքյանի խոսքով՝ Հայաստանը ավելի շատ ֆրանսասեր երկիր է, քան՝ ֆրանկոֆոն և այս գրքի թարգմանությունը ավելի է կարևորվում այն պատճառով, որ մենք Ֆրանսիան մակերեսորեն գիտենք, և լավ կլիներ, որ, որպես Ֆրանկոֆոնիայի անդամ պետություն, ավելի լավ ճանաչենք Ֆրանսիան:

Գրքի շնորհանդեսի ավարտին՝ ներկաները հնարավորություն ունեցան ձեռք բերել «Հեղափոխություն» գրքի հայերեն տարբերակը 20% զեղչով: