Դիանա Ստեփանյանի «Իմ Էրազմուս պատմությունը»

Դիանա Ստեփանյան - բակալավրիատ 3-րդ կուրս, Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետ, Քաղաքագիտություն

Համալսարանում սովորելու առաջին տարվա ավարտին, երբ բոլորս տանը փակված էինք մեր բոլորի բնականոն կյանքը խաթարող կորոնավիրուսի պատճառով, ԲՊՀ-ի ֆեյսբուքյան էջում տեսա Էրասմուս + շարժունության ծրագրի հայտարարություն։ Կարդալով այն՝ ուղղակի առաջ անցա և մոռացա դրա մասին։ Բայց չգիտես ինչու նորից հայտարարությունը հայտնվեց էջիս նյուզֆիդում այս անգամ արդեն ԲՊՀ-ի Կարիերայի կենտրոնի կողմից։ Որոշեցի հետաքրքրության համար դիմել, բայց ճիշտն ասած այնքան էլ ոգևորված չէի, և գիտեի, որ փաստաթղթերի հավաքման պրոցեսը կրկնակի դժվար կլինի, քանի որ դե գիտեք, ամեն ինչ առցանց էր կատարվում այդ ընթացքում։ Ինչևէ, հաղթահարելով այդ ամենը, դիմեցի ու մոռացա այդ մասին։ Եվ սեպտեմբերյան մի օր, ստանալով էլ. նամակ հյուրընկալող համալսարանից, տեղեկացա, որ ընտրվել եմ որպես մասնակից շարժունության ծրագրի համար։ Իսպանիան կանչում էր ինձ։ Ծնողներիս հետ խորհրդակցելուց հետո միանգամից տվեցի համաձայնությունս։

Անցնելով բազում դժվարությունների, անհանգստությունների միջով՝ այժմ գրում եմ այս տեքստը Բարսելոնայից։ Իմ էրազմուս + փորձը ամենաանսպասելի ու հիասքանչ իրադարձությունն էր իմ կյանքում և միայն սկիզբը բոլոր իմ պլանների և նպատակների։ Մեկ կիսամյակ սովորել եմ Իսպանիայի Վայադոլիդի համալսարանում՝ Իրավագիտության ֆակուլտետում։ Վայադոլիդի համալսարանը համարվում է Եվրոպայի ամենահին համալսարաններից մեկը։ Այն, ինչ տվեցին ինձ այս ամիսները, չեմ փոխի կյանքում ոչնչի հետ։ Ծրագրի շնորհիվ դարձա ավելի անկախ ու ինքնավստահ։ Ձեռք բերեցի հիանալի ընկերներ աշխարհի տարբեր ծայրերից՝ Աֆրիկայից մինչև Կենտրոնական Եվրոպա և Ասիա։ Սովորելով միջազգային համալսարանում` ծանոթացա միանգամայն այլ կրթական համակարգի և կրթական որակի հետ։ Պրոֆեսորադասախոսական անձնակազմը անում էր ամեն ինչ՝ ուսանողներին տալու ակադեմիական գիտելիքներ, որոնք կիրառելի կլինեն հետագա կարիերայում։

Այն շենքը, որտեղ սովորել եմ, համարվում է Վայադոլիդի ամենահին կառույցներից մեկը և կառուցված է միջնադարյան գոթական ոճով։ Վստահաբար կարող եմ ասել, որ առաջին անգամ այնտեղ եկողը կարող է շփոթել թագավորական պալատի հետ։ Էրազմուսի շնորհիվ բացահայտեցի ինձ համար ամբողջությամբ նոր մշակույթ և ձեռք բերեցի ինձ և իմ երկրի համար օգտակար գիտելիքներ։ Ճամփորդել եմ Իսպանիայի ավելի քան 10 քաղաքներում, եղել եմ Եվրոպայում մեծ ճանաչում ունեցող թանգարաններում, տեսել եմ միջնադարյան թագավորական պալատներ և ամրոցներ։ Ես Դիանան եմ, այն նույն սյունեցի աղջիկը, ով Կապանից եկավ Երևան իրականացնելու համար իր երազանքներն ու նպատակները, բայց այժմ ես առավել ուժեղ եմ, ուժեղ եմ գիտելիքներով և ինքնավստահությամբ։ Ես գիտեմ, որ ընդունակ եմ լինել այն շատերից մեկը ով կարող է մեր երկիրը ոտքի կանգնեցնել այս ծանր արհավիրքներից հետո, որի միջով որ անցավ Հայաստանն ու հայ ժողովուրդը։

Սիրելի՛ բրյուսովականներ, այժմ ցանկանում եմ խոսքս ուղղել ձեզ։ Առանց մեկ րոպե անգամ մտածելու դիմե՛ք նմանատիպ ծրագրերի, ստացեք հնարավորություն սովորելու Եվրոպայում, ծանոթանալու նոր մշակույթների, նոր մարդկանց և նոր կրթական համակարգերի հետ։

Դիանա Ստեփանյանի «Իմ Էրազմուս պատմությունը»