Եղիշե Չարենցի անվան տուն-թանգարանը Թարգմանչաց տոնին հյուրընկալել էր Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողներին, որոնք միջոցառում էին կազմակերպել` թարգմանելով Չարենցի բանաստեղծությունները տարբեր լեզուներով:

Միջոցառումը սկսվեց Չարենցի անվան մեկնաբանություններով ՝ սկսած Չարենց անունով բժշկից մինչև նրա հոր՝ Աբգար աղայի՝ չարաճճի որդուն տված «Չարոց հանճար, բարոց տխմար» արտահայտությամբ:

1897 թվականին, ինչպես ինքն է նկարագրում, անկյանք փողոցներով արևելյան փոշոտ ու դեղին մի քաղաքում ծնվեց անհանգիստ բնավորությամբ, խոհուն ու ըմբոստ բանաստեղծ Չարենցը, որը գրական մի ամբողջ հարստություն նվիրեց հայկական գրականությանը:

Պատահական չէ, որ Մարտիրոս Սարյանն ասել է. «Չեմ էլ հիշում, թե երբ եմ առաջին անգամ լսել կամ կարդացել «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը: Երբեք բերանացի չեմ սովորել՝ պարզապես գիտցել եմ։ Ինձ թվում է, թե Սահակի ու Մեսրոպի աղոթքների հետ էլ բերել եմ։ Դա մեր այսօրվա աղոթքն է։ Աղոթք, որը կարելի է թե՛ մտքում հյուսել, թե՛ մրմնջալ շշուկով, թե՛ արտասանել բարձրաձայն»:

Ուսանողները անգլերեն, իսպաներեն, գերմաներեն, ֆրանսերեն, չինարեն և ռուսերեն էին թարգմանել Չարենցի հետևյալ բանաստեղծությունները՝ «Ես իմ անուշ Հայաստանի», «Պատահական անցորդին», «Եվ երբ դադարեց», «Հիմա չգիտեմ», «Ուզում եմ», «Հեռացումի խոսքեր»: Միջոցառման ընթացքում «Պատահական անցորդին» բանաստեղծության հիման վրա գրված երգը հնչեց նաև կիթառի նվագակցությամբ:

Եղիշե Չարենցի անվան տուն-թանգարանի գիտաշխատող Սուսաննա Տոնոյանն ասաց, որ Չարենցի ստեղծագործություններին բազմաթիվ թարգմանիչներ են անդրադարձել, բայց հաճելի էր այսպիսի գրագետ թարգմանություններ լսել ուսանողներից, որոնք դեռ կատարելագործում են իրենց թարգմանչական հմտությունները:

Նա ուրախությամբ նշեց, որ Չարենցի «Պատահական անցորդին» բանաստեղծությունը առաջին անգամ հնչեց չինարեն և մեծ ցանկություն հայտնեց ավելի հաճախ տեսնելու ուսանողներին այսպիսի միջոցառումների ժամանակ: Նա շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչ Մարինա Աբրահամյանին և նվիրեց Չարենցի «Դանթեական առասպելը» և «40 պոեմ» ժողովածուն, որը որոշվեց նվիրաբերել համալսարանի գրադարանին:

Չարենցի բանաստեղծությունները տարբեր լեզուներով