Վ. Բրյուսովի պետական համալսարանի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև կնքված հուշագրի շրջանակում ս. թ, դեկտեմբերի 5-11-ը ֆրանսիական բաժնի 10 ուսանող Ռոմանական լեզուների ամբիոնի ֆրանսերենի դասախոս, դոցենտ Վ. Հարությունյանի ուղեկցությամբ հյուրընկալվեցին Ռումինիայի Հանրապետությունում՝ Բուխարեստում: Ծրագրի նպատակն էր ԲՊՀ ֆրանսախոս ուսանողներին հնարավորություն ընձեռել մասնակցելու մեկշաբաթյա դասընթացների Բուխարեստի համալսարանի քաղաքական գիտությունների ֆակուլտետում:

Առաջին օրը հայ պատվիրակությունը հյուրընկալվեց Ռումինիայում ՀՀ դեսպանատանը: Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը ողջունեց մասնակիցներին՝ նրանց մաղթելով հաճելի և արդյունավետ օրեր Ռումինիայում:

Ծրագիրը մեկնարկեց «Հովսեփ և Վիկտորյա Դուդյան» գրադարան-թանգարանում, որտեղ ուսանողները հանդիպեցին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանի, Ռումինահայոց միության նախագահ, Ռումինիայի գրողների միության առաջին փոխնախագահ Վարուժան Ոսկանյանի և Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր, Ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանի հետ։ Հանդիպման ընթացքում բանախոսները ներկայացրին հայ-ռումինական հարաբերությունների հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, դրանց զարգացման հեռանկարները։

Հանդիպումից հետո ուսանողները ծանոթացան Դուդյան թանգարանում պահվող հայկական սրբապատկերներին, արծաթե իրերին, եկեղեցական հին հանդերձներին, որից հետո այցելեցին Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Միքայել և Գաբրիել առաջնորդանիստ տաճար։

Ծրագրի շրջանակում անցկացվեցին կլոր սեղաններ հետևյալ խորագրերով՝

➢ «Թարգմանչի դերը դիվանագիտության մեջ»,
➢ «Կնոջ դերն ու նշանակությունը Ռումինիայում և Հայաստանում»:

Հայ և ռումինացի ուսանողները հնարավորություն ունեցան մասնակցելու միջմշակութային հաղորդակցությանը նվիրված երկօրյա վերապատրաստմանը, որը վարում էր Բելգիայից հրավիրված մասնագետ Բեռնար Մորոն:

Ուսանողները լսեցին նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գրասենյակի տնօրեն Էրիկ Պոպպի դասախոսությունը՝ նվիրված Ֆրանկոֆոնիայի միջազգային հարաբերություններին և խնդիրներին:

Կազմակերպվեցին մշակութային բազմաթիվ այցեր: Հայ և ռումինացի ուսանողները և ծրագրի պատասխանատու դասախոսներն այցելեցին Ռումինիայի ամենահայտնի ամրոցներից երկուսը՝ Բրանը /Դրակուլայի ամրոցը/ և Պելեշը: Նրանք եղան Ռումինիայի արվեստի ազգային թանգարանի մասնաճյուղ համարվող, ծագումով հայ Գրիգոր Զամպաքճյանի տուն-թանգարանում, որի հավաքածուն ներառում է մոտ 250 կտավ և 40 քանդակ: Նրանք այցելեցին նաև ռումինացի քաղաքական և ռազմական գործիչ Նիկոլաե Չաուշեսկու տուն-թանգարան: Ծրագրի մասնակիցները հնարավորություն ունեցան այցելելու Ռումինիայի խորհրդարանի պալատ, որը մեծությամբ երկրորդ շինությունն է աշխարհում:

Ծրագիրն ավարտվեց միջմշակութային միջոցառմամբ, որի ընթացքում ցուցադրվեց հայ ուսանողների կողմից պատրաստված փոքրիկ ֆիլմը Հայաստանի տեսարժան վայրերի մասին: Ֆիլմի ավարտից հետո տեղի ունեցավ հայկական ուտեստների համտես:

Կիրակի առավոտյան՝ նախքան Երևան ժամանելը, ծրագրի մասնակիցները ներկա գտնվեցին Բուխարեստի հայկական եկեղեցու պատարագին:

Ինչպես իրավացիորեն նշում են հայ ուսանողները. «Մեկ շաբաթվա ընթացքում հասցրինք ծանոթանալ Ռումինիայի պատմությանն ու մշակույթին և զանազանել լեգենդն ու իրականությունը։ Բուխարեստի համալսարանում և այլուր անցկացրած հանդիպումներն ու բանավեճերը թույլ տվեցին ճանաչել նաև ժամանակակից ռումինացի ուսանողին, ծանոթանալ իր մտածելակերպին, լսել իր նպատակների ու երազանքների մասին։ Հասցրինք նաև պատմել մեր պատմության և մշակույթի, գրականության, ազգային արժեքների մասին։ Եվ այս ամենը մի լեզվով, որը ներկայումս մեր ուսումնասիրության կենտրոնում է՝ ֆրանսերենով: Ձեռք բերեցինք նոր ընկերներ, որոնց արդեն կարոտում ենք և անհամբեր սպասում Հայաստանում...»

Պետք է նշել, որ այս ճամփորդությունը ուսանողներին հնարավորություն տվեց, ինչպես իրենք են նշում, բացահայտելու իրենց նորովի. «Այս այցից հետո մենք դարձանք ավելի համարձակ, ձեռք բերեցինք մի շարք հմտություններ, իմացանք մեր ուժեղ և թույլ կողմերը»:

Հուսով ենք, որ շարժունության սույն ծրագիրը կլինի շարունակական և ըստ նախնական պայմանավորվածության՝ մյուս կիսամյակի ընթացքում մեր համալսարանն արդեն կընդունի Բուխարեստի համալսարանի ուսանողներին:

Նյութի ֆրանսերեն տարբերակը կարդացեք այստեղ՝  https://bit.ly/3BL4kvS:

ԲՊՀ ֆրանսախոս ուսանողները մասնակցեցին մեկշաբաթյա դասընթացի Բուխարեստի համալսարանում