ԲՊՀ աշխատակիցները մասնակցեցին «Էրազմուս+» ՖԼԵՔՍ ՎԲԼ ծրագրի աշխատանքային հանդիպմանը Լինցում

«Էրազմուս+» «Հայաստանի և Ռուսաստանի բարձրագույն կրթության աշխատանքահենք ուսուցման ճկուն, նորարարական և գործնական շրջանակի մշակում» (FlexWBL) ծրագրի շրջանակում փետրվարի 20-24-ը Ավստրիայի Լինցի Դիոցեզեի անվան կրթության մասնավոր համալսարանական քոլեջում տեղի ունեցավ ծրագրի աշխատաժողովը:

Ծրագրի Հայաստանյան գործընկեր բուհերն են Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը (ԲՊՀ), Գավառի պետական համալսարանը և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը։ Եվրոպական գործընկեր բուհերն են Ավստրիայի Լինցի Դիոցեզեի անվան կրթության մասնավոր համալսարանական քոլեջը, Լիտվայի Կլաիպեդայի համալսարանը, իսկ ծրագրի համակարգող բուհը Լատվիայի Լիպեյայի համալսարանն է։ 

Աշխատանքային այցով Ավստրիա մեկնած ԲՊՀ աշխատանքային խմբում էին ծրարգի ԲՊՀ-ի համակարգող ԱԿՄՀ վարչության պետ Անի Հովհաննիսյանը, ծրագրի մասնակիցներ Սերվիսի և զբոսաշրջության ամբիոնի վարիչ էմիլ Չերքեզյանը և ԱԿՄՀ վարչության պետի տեղակալ Լուսինե Առաքելյանը:

Մասնակիցներին ողջունեց Լինցի Դիոցեզեի անվան կրթության մասնավոր համալսարանական քոլեջի պրոռեկտոր Գաբրիելե Զեհետները: Գործընկեր համալսարանները ներկայացրեցին իրենց բուհերի վերաբերյալ հակիրճ տեղեկություն, ինչպես նաև «Էրազմուս+» «Հայաստանի և Ռուսաստանի բարձրագույն կրթության աշխատանքահենք ուսուցման ճկուն, նորարարական և գործնական շրջանակի մշակում» ծրագրի շրջանակում կատարված աշխատանքները, արդյունքները և ապագա անելիքները:

ԱԿՄՀ վարչության պետ Անի Հովհաննիսյանը ներկայացրեց համալսարանն ու կրթական ծրագրերը, առանձին ելույթով ներկայացրեց նաև ծրագրի շրջանակներում ԲՊՀ կատարած աշխատանքները և արդյունքները: Ընդգծելով աշխատահենք ուսուցման ծրագրի կարևորությունը՝ Անի Հովհաննիսյանը հավելեց, որ աշխատանքի ընթացքում ուսանողների ձեռք բերած գործնական գիտելիքները, կարողությունները և հմտությունները երկարաժամկետ ազդեցություն են ունենալու նրանց հետագա մասնագիտական  ձեռքբերումների վրա:

Աշխատաժողովի ընթացքում կայացավ նաև ղեկավար կազմի նիստ, որի ընթացքում քննարկվեցին հետագա անելիքները: Մինչ 2023 թվականի ավարտը նախատեսվում է ևս երեք աշխատաժողով Հայաստանում, Լիտվայում և Լատվիայում: Հայաստանի հանդիպումը տեղի կունենա ս.թ. հունիսի 5-8-ը ծրագրի գործընկեր երեք բուհերում:

ԲՊՀ աշխատակիցները մասնակցեցին «Էրազմուս+» ՖԼԵՔՍ ՎԲԼ ծրագրի աշխատանքային հանդիպմանը Լինցում