2022թ հունիսի 13-ից 15-ը Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը (ԲՊՀ) Էրազմուս+ կարողությունների զարգացման FLEXWBL ծրագրի շրջանակներում ԲՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի համար կազմակերպել էր եռօրյա վերապատրաստում, որի նպատակն էր խթանել ուսանողների ներգրավվածությունը դասապրոցեսում ինտերակտիվ գրատախտակների (SmartBoard) կիրառման միջոցով:

Վերապատրաստումը անցկացնում էր Հայաստանում Ամերիկյան խորհուրդների գրասենյակի տնօրեն Դեյգն Վելընթայնը, ով ունի տեխնոլոգիաների միջոցով ուսումնական ծրագրերի և նյութերի մշակման ու դասավանդման զգալի փորձ:

Եռօրյա վերապատրաստմանը մասնակցում էին ԲՊՀ տարբեր ստորաբաժանումների 25 ներկայացուցիչներ: Վերապատրաստումը առանձնացավ իր գործնական և ինտերակտիվ ձևաչափով՝ մասնակիցներին հնարավորություն ընձեռելով ակտիվ մասնակցություն ունենալ և կիրառել ներկայացվող գործիքները անմիջապես դասընթացի ընթացքում:

Մասնակիցները հետագայում կկարողանան կիրառել բովանդակությանն առնչվող առցանց ռեսուրսները իրենց դասապրոցեսում (վեբ որոնում, առցանց գործիքներ)՝ օգտագործելով էլեկտրոնային գրատախտակների ծրագրակազմը:

էրազմուս+ «Հայաստանի և Ռուսաստանի բարձրագույն կրթության աշխատանքահենք ուսուցման ճկուն, նորարարական և գործնական շրջանակի մշակում» (FLEXWBL) ծրագրի շրջանակներում ԲՊՀ-ն ձեռք է բերել 3 ինտերակտիվ գրատախտակ` դասապրոցեսում ՏՀՏ գործիքների կիրառմանը նպաստելու համար:

ԲՊՀ-ում կայացավ «Դասապրոցեսի կազմակերպումը ինտերակտիվ գրատախտակների կիրառման միջոցով» խորագրով վերապատրաստումը