Այսօր մեր համալսարանում տեղի ունեցավ Գ. Ֆլոբերի և Շ. Բոդլերի 200-ամյա հոբելյանին նվիրված «Ֆրանսիական գրականության օրեր» միջոցառման բացումը:

Այս կապակցությամբ ԲՊՀ-ում հյուրընկալվել էին ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության համագործակցության և մշակութային հարցերի խորհրդական Գիյոմ Նարժոլեն, Սորբոնի համալսարանի դասախոսներ Անդրե Գյույոն և Բերնար Ֆրանկոն, Հռոմ 3 համալսարանի դասախոս Անդրեա Սկելինոն:

Նախքան միջոցառման սկսվելը հյուրերը հանդիպեցին ԲՊՀ ռեկտոր Կ. Հարությունյանի, Համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոնի վարիչ Ն. Խաչատրյանի, ՖՀՄԱՆ կենտրոնի ղեկավար Ա. Ջանիկյանի և ԱԿՄՀ վարչության պետ Ա. Հովհաննիսյանի հետ: Ռեկտոր Կ. Հարությունյանը հյուրերին ներկայացրեց ԲՊՀ-ում ֆրանսերենի դասավանդման առանձնահատկությունները, ինչպես նաև կարևորեց ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության և ԲՊՀ-ի միջև առկա համագործակցությունը: Երկուստեք ընդգծվեց այդ համագործակցության հնարավոր ընդլայնումը, ինչպես նաև ուսանողների շրջանում փոխայցերի կազմակերպման շարունակականությունը, և հնարավորության դեպքում՝ դրանց քանակի ավելացումը հաջորդ ուսումնական տարում:

Հաջորդիվ «Ֆրանսիական գրականության օրեր» միջոցառման բացմանը մասնակիցներին ողջունեց Համաշխարհային գրականության ամբիոնի վարիչ Ն. Խաչատրյանը և խոսքը փոխանցեց ԲՊՀ ռեկտոր Կ. Հարությունյանին: 

Կ. Հարությունյան նախ ողջունեց բոլոր ներկաներին, ապա հավելեց, որ «Ֆրանսիական գրականության օրեր»-ը արդեն 7-րդ է անգամ է անցկացվում ԲՊՀ-ում: Նա նկատեց, որ մեր համալսարանում ֆրանսերենը որպես 1-ին, 2-րդ և 3-րդ օտար լեզու է դասավանդվում շուրջ 500 ուսանողի շրջանում, ովքեր ուսումնառում են այն տարբեր կրթական ծրագրերի շրջանում: Ռեկտորն ընդգծեց, որ ֆրանսերենի դասավանդման ավանդույթները մեր համալսարնում ունեն տասնամյակների պատմություն, ինչի լավագույն ապացույցը այն բազմաթիվ շրջանավարտներն են, որոնք Հանրապետությունում դարձել են ֆրանսերենի լավագույն մասնագետները:

Կ. Հարությունյանը հատուկ ողջունեց Սորբոնի համալսարանի դասախոս Բերնար Ֆրանկոյին, ով ԲՊՀ-ի և Սորբոնի համալսարանի համագործակցության շրջանակում ղեկավարում է մեր ուսանողների մագիստրոսական թեզերը և մեր ասպիրանտների թեկնածուական ատենախոսությունները: Նա ընդգծեց, որ, հաշվի առնելով Բ. Ֆրանկոյի մեծ ներդրումն ու ավանդը, ԲՊՀ գիտխորհուրդը որոշել է վերջինիս շնորհել ԲՊՀ պատվավոր պրոֆեսորի կոչում. ռեկտորը Բ. Ֆրանկոյին հանձնեց համապատասխան վկայականը:

Բերնար Ֆրանկոն իր ելույթում շնորհակալություն հայտնեց նման գնահատականի համար՝ անչափ կարևորելով ԲՊՀ-ի և Սորբոնի համալսարանի համագործակցությունը և ընդգծելով, որ իր համար մեծ պատիվ է արժանանալ նման կոչման: Անդրադառնալով «Ֆրանսիական գրականության օրեր»-ի կազմակերպմանը՝ նա շեշտեց, որ նման միջոցառումները հնարավորություն են տալիս նախ և առաջ գրականությունն ընկալել խորությամբ և հեղինակներին լավագույնս ճանաչել: Բացի այդ, ըստ նրա, նման միջոցառումները շատ կարևոր են նաև ինստիտուցիոնալ կապերի ամրապնդման համար:

Գիյոմ Նարժոլեն էլ իր խոսքում շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպման համար: 

Միջոցառման մասնակիցները հանդես եկան գիտական զեկուցումներով, ապա, ըստ նախնական պայմանավորվածության, հյուրընկալվեցին ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատուն, որտեղ տեղի ունեցավ ճաշի ընդմիջում ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. Անն Լույոյի մասնակցությամբ:

Ընդգծենք, որ կազմակերպիչներն էին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը և «Ֆրանսիական գրականության օրեր» ընկերակցությունը: 

ԲՊՀ-ում արդեն 7-րդ անգամ տրվեց «Ֆրանսիական գրականության օրեր»-ի մեկնարկը