ԲՊՀ-ն հյուրընկալել է Դյուսելդորֆի Հայնրիխ Հայնեի համալսարանի դասախոսին

Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի և Գերմանիայի Դյուսելդորֆի Հայնրիխ Հայնեի համալսարանի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը շարունակվում է: Համաձայն երկու համալսարանների միջև դեռևս 2019թ.-ին կնքված պայմանագրի՝ ծավալվում է ակտիվ համագործակցություն դասախոսների փոխադարձ այցելության, փորձի փոխանակման և հետագա համագործակցության նպատակով:

Այս անգամ քառօրյա դասախոսություններով ԲՊՀ-ում հյուրընկալվել էր Դյուսելդորֆի Հայնրիխ Հայնեի համալսարանի Գերմանագիտության ինստիտուտի դասախոս, պրոֆեսոր Սիբիլլե Շոնբորնը: Ս.թ. մայիսի 24-28-ը պրոֆեսոր Շոնբորնը հանդես եկավ դասախոսությունների շարքով ԲՊՀ-ի գերմանախոս և գերմաներենն ու գերմանական մշակույթն ուսումնասիրող ուսանողների համար:

Գերմանագիտության ինստիտուտի դասախոսը ելույթներ ունեցավ գերմանական գրականության և Գերմանիայի մշակույթի թեմաներով, ինչպես նաև ներկայացրեց Դյուսելդորֆի Հայնրիխ Հայնեի համալսարանում ուսանելու առկա հնարավորությունների մասին: Ներկաները հարցուպատասխանի միջոցով ստացան իրենց հետաքրքրող թեմաների մասին սպառիչ պատասխաններ՝ զուգահեռաբար օգտագործելով նաև գերմաներեն լեզուն կիրառելու և զարգացնելու բացառիկ հնարավորությունը:

Պրոֆեսոր Շոնբորնի այցը նպաստեց 2 համալսարանների միջև ձևավորված ջերմ բարեկամական և ակտիվ համագործակցային հարաբերությունների զարգացմանը և սերտացմանը, ինչպես նաև ուսանողների և դասախոսների միջազգային շարժունության հետագա գործընթացի ապահովմանը:

ԲՊՀ-ն հյուրընկալել է Դյուսելդորֆի Հայնրիխ Հայնեի համալսարանի դասախոսին