Ս/թ հունվարի 31-ին հաստատվել է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի հայտը՝ Եվրոպական համալսարանների ասոցիացիային (EUA) անդամակցելու վերաբերյալ: Այս մասին ասված է ԲՊՀ ռեկտոր Կ. Հարությունյանին ուղղված նամակում, որտեղ Եվրոպական համալսարանների ասոցիացիայի կողմից նաև շնորհակալություն են հայտնում ԲՊՀ-ի մասնակցությամբ Եվրոպայի համալսարանների ձայնը ուժեղացնելու և ցուցաբերած հետաքրքրության համար։
Եվրոպական համալսարանների ասոցիացիան ներառում է ավելի քան 800 համալսարաններ 48 եվրոպական երկրներից: Ասոցիացիան վճռորոշ դերակատարում ունի Բոլոնիայի գործընթացում և բարձրագույն կրթության, հետազոտության և նորարարության ոլորտում ԵՄ քաղաքականության ձևավորման գործում: Եվրոպական համալսարանների ասոցիացիան փոխգործակցում է նաև մի շարք միջազգային կազմակերպությունների հետ:
Եվրոպական համալսարանների ասոցիացիայի անդամակցությունը հնարավորություն կտա ԲՊՀ-ին մասնակցելու ասոցիացիայի անդամ համալսարանների կողմից կազմակերպվող բազմաթիվ ծրագրերի և միջոցառումների, որոնց շրջանակներում անդամ համալսարանները հնարավորություն կունենան մշակելու համատեղ ծրագրեր, կատարելու փորձի փոխանակում, ինչպես նաև՝ ձևավորելու բարձրագույն կրթության և հետազոտության եվրոպական քաղաքականությունը: