Բաց դռների օր ԵՊԼՀ-ում

2019 թվականի մարտի 4-ին Ֆրանկոֆոնիայի շաբաթվա շրջանակներում Ֆրանկոֆոն հետազոտությունների միջհամալսարանական ակադեմիական նվաճումների կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվել էր «Բաց դռների օր» ֆրանսերեն ուսումնասիրող ավագ դպրոցների աշակերտների համար: Այդ օրը Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանն իր դռները հյուրընկալորեն բաց էր արել 8 կրթական հաստատությունների /Երևանի Ժամկոչյանի անվան թիվ 119, Լևոն Արիսյանի անվան թիվ 127, Սերո Խանզադյանի անվան թիվ 184, Սամվել Գևորգյանի անվան թիվ 189, Խ. և Շ. Ավետիսյանների անվան, Շավարշ Սիմոնյանի անվան թիվ 112, Փոքրիկ իշխան կրթահամալիրի և Աբովյանի Արթուր Վանոյանի անվան թիվ 6 ավագ դպրոցների/ ավելի քան քառասուն աշակերտների առջև՝ հնարավորություն տալով այցելել համալսարան մասնագիտական կողմնորոշման կարևոր ընտրությունը կատարելուց առաջ:

Հանդիպմանը ներկա էին Երևանի Ֆրանկոֆոնիայի թվայնացված տեղեկատվական կենտրոնի ղեկավար տիկին Ռ. Ղալթաղչյանը, ԵՊԼՀ Թարգմանության և միջմշակութային հաղորդակցության ֆակուլտետի դեկան պարոն Հ. Ճանճապանյանը, Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկանի տեղակալ տիկին Ա. Մարմարյանը, Կարիերայի կենտրոնի ղեկավար պարոն Լ. Բաբամյանը և համալսարանի այլ պատասխանատու անձինք, որոնք սիրով ներկայացրեցին բուհի գործունեությունն ու պատասխանեցին աշակերտների հարցերին:

 

Այսպիսով, «Բաց դռների օրը» բացառիկ հնարավորություն ընձեռեց աշակերտներին՝ ծանոթանալու համալսարանի բակալավրական և մագիստրոսական բաժինների ուսումնական ծրագրերին և ուսումնառության ու մասնագիտական իրացման նոր հնարավորություններին: 
Հանդիպման վերջում աշակերտներն ու իրենց ուղեկցող ուսուցիչները ներկա գտնվեցին ՖՀՄԱՆ կենտրոնի պատրաստած երաժշտական միջոցառմանը, որը լավ առիթ էր բացահայտելու Վ. Բրյուսովի անվան համալսարանի ուսանողական ջերմ ու աշխույժ մթնոլորտը:

Բաց դռների օր ԵՊԼՀ-ում