Սեպտեմբերի 29-ից 30-ը «Ավստրիայի օրեր Երևանում» միջոցառումների շրջանակում Ավստրիական գրադարանի հյուրերն էին Ավստրիայի կրթության և գիտության նախարարության «Մշակույթ և լեզու» բաժնի ղեկավար Նորբերտ Հաբելտը, նույն բաժնի աշխատակից Լուկաս Մայերհոֆերը և ավստրիացի կիթառահար Յուլիա Մալիշնիգը: «Ավստրիայի օրեր Երևանում» խորագրով միջոցառումների կարևորագույն մասն են կազմում գերմաներենի դասախոսների և ուսուցիչների համար նախատեսված վերապատրաստման դասընթացները՝ նվիրված Ավստրիայի երկրագիտությանը:

Միջոցառման մեկնարկին ԵՊԼՀ ռեկտոր Կարինե Հարությունյանը ողջունեց   հյուրերին և դասընթացի մասնակիցներին ու նրանց մաղթեց բեղմնավոր աշխատանք:

 

Դասընթացի առաջին օրը պարոն Լուկաս Մայերհոֆերը ներկայացրեց իրենց նախարարության «Մշակույթ և լեզու» բաժնի կողմից ստեղծած «Կանայք Ավստրիայում» ուսումնական նյութը։

Հաջորդ աշխատաժողովը  «Գերմաներենը՝ որպես բազմակենտոն լեզու»  թեմայով էր, որի քննարկման առարկան ավստրիական գերմաներենի առանձնահատկություններն էին:

Միջոցառումների շարքը շարունակվեց սեպտեմբերի 29-ի երեկոյան Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցած կիթառի համերգով՝ ավստրիացի կիթառահար Յուլիա Մալիշնիգի մասնակցությամբ:

Սեպտեմբերի 30-ին պարոն Նորբերտ Հաբելտը զեկուցեց գերմանախոս երկրների (DACHL) համատեղ գործունեության մասին, մասնակիցները ծանոթացան նաև Ավստրիայի կրթության և գիտության նախարարության «Մշակույթ և լեզու» բաժնի կողմից իրականացվող ծրագրերին:

Ճաշից հետո Լուկաս Մայերհոֆերը անցկացրեց երկրագիտական սեմինար Ավստրիայի խոհանոցի վերաբերյալ, որի ընթացքում ցուցադրվեց ուսումնական նյութ ավստրիական ավանդական խոհանոցի մասին։

Դասընթացի մասնակիցները պարոն Մայերհոֆերի օգնությամբ համալսարանի խոհանոցում պատրաստեցին ավստրիական խոհանոցի մի քանի համեղ ավանդական ուտեստներ:

Ավստրիայի օրերը ԵՊԼՀ-ում