2025 թվականի ապրիլի 25-ին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան այցելեց Հայաստանի Հանրապետությունում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ռոբերտ Գերշները։

Համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը, ողջունելով պատվավոր հյուրին, նշեց.
«Ուրախ ենք հյուրընկալել Ձեզ մեր համալսարանում։ Մեր բուհում անցկացվում է գերմաներենի իմացության միջազգային քննություն, գործում է Ֆրանց Վերֆելի անվան Ավստրիական գրադարանը, որն ակտիվ և արդյունավետ գործունեություն է ծավալում։ Գերմաներենի դասավանդման տասնամյակների ավանդույթ ունենք, ներկայումս մեզ մոտ դասավանդում է նաև ավստրիացի մասնագետ։ Ուրախությամբ կարող ենք նշել մեր սերտ համագործակցությունը Զալցբուրգի համալսարանի հետ «Erasmus+» ծրագրի շրջանակում»։

 

Դեսպան Ռոբերտ Գերշները շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով.
«Մասնագիտությամբ բանասեր եմ, որից հետո դարձա դիվանագետ։ Տարիներ շարունակ աշխատել եմ Մոսկվայում, այնուհետև Թբիլիսիում, իսկ 2024 թվականի դեկտեմբերից արդեն պատասխանատու եմ նաև Հայաստանի համար։ Սա իմ երրորդ այցն է Հայաստան։ Դարերի ընթացքում Վիեննայում բեղմնավոր գործունեություն է ծավալել Մխիթարյան միաբանությունը։ Չնայած աշխարհագրական հեռավորությանը, Ավստրիայում մեծ հետաքրքրություն կա Հայաստանի հետ գիտական և կրթական համագործակցության ոլորտներում։ Մեզ համար չափազանց կարևոր է Ձեր համալսարանում գործող Ավստրիական գրադարանը։ Առաջիկայում կփորձեմ առավել հաճախ այցելել Հայաստան, այցելել Ավստրիական գրադարան և հանդես գալ զեկույցներով»։

Հանդիպման ընթացքում շեշտվեց նաև, որ Ավստրիական գրադարանի և համալսարանի միջազգային կապերի միջոցով հնարավոր է նոր գաղափարներ մշակել երկկողմ համագործակցության զարգացման համար։ Ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը հավելեց, որ գրադարանի տնօրեն Լ. Սաֆարյանը թարգմանություններ է կատարել ավստրիական գրականությունից, որոնք արդեն հրատարակվել են և լայն պահանջարկ են վայելում։

Կողմերը բարձր գնահատեցին կրթության ոլորտում հայ-ավստրիական շփումներն ու փորձի փոխանակումները՝ դրանք կարևորելով որպես նոր խթան գիտական և կրթական փոխգործակցության խորացման համար։

Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպանը՝ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում