Աստղիկ Կարապետյան- Անգլերենի ամբիոնի դոցենտ, բ․գ․թ․:
Երկար տարիներ ականատես էի լինում, թե ինչպես են իմ գործընկերները մասնակցում «ERASMUS+» շարժունության ծրագրերին, մեկնում համապատասխան երկիր՝ հնարավորություն ստանալով իրականացնել փորձի փոխանակում և զարգացնել մասնագիտական գիտելիքները և կարողությունները։ Մեծ հպարտությամբ էի նայում նրանց, սակայն, երբ ինքս էի մտածում դիմել, յուրաքանչյուր հայտարարությունը ընթերցելիս, վարանում էի, չէի վստահում իմ ուժերին՝ կարծելով, որ ես հետաքրքիր ոչինչ չունեմ առաջարկելու մեր գործընկեր բուհերի ուսանողներին և դասախոսներին։ Այնուամենայնիվ, ժամանակը հասունացավ, և ես հերթական հայտարարությունը ստանալուն պես, գիտակցեցի, որ եկել է նաև իմ ժամանակը, քանզի ԲՊՀ-ում ներկայացրել էի մի դասընթաց՝ «Անգլերենի հասարակական պատմություն», որը և իսկապես բավականին շատ ասելիք ուներ լեզվաբանության բաժնում սովորող ուսանողներին։ Այդպիսով, ուսումնասիրելով Ռումինիայի Պիտեշտի համալսարանի լեզվաբանական բաժնում ներկայացված ուսումնական ծրագիրը, գիտակցեցի, որ իմ դասավանդած առարկան քննարկման նոր եզրեր կառաջարկի տվյալ բաժնի ուսանողների համար։
Որպես անգլերենի դասախոս, կցանկանայի նշել լսարանում կատարվող աշխատանքի մասին։ Ի զարմանս ինձ, մեծ տարբերություններ չտեսա ուսանողների ներգրավվածության և մասնակցության մեջ։ Այնտեղ ևս ուսանողները բավականին բարեխիղճ մասնակցում էին անգլերենի դասին, ակտիվ մասնակցություն ցուցաբերում դասախոսի կողմից կազմակերպած քննարկմանը։ Հաճելի էր նաև գիտակցել, որ այն ամենը, ինչ մենք իրականացնում ենք ԲՊՀ-ի լսարանում, գրեթե նույն մեթոդաբանությամբ և մասնագիտական կարողություններով ներկայացվում էր Պիտեշտի համալսարանի 2-րդ կուրսի լեզվաբանության ֆակուլտետի /Ռումիներեն և անգլերեն բաժնի/ լսարանում։ Սակայն, իհարկե, չեմ կարող անտեսել այն փաստը, որ ինտերակտիվ մեթոդը, և նորարար տեխնոլոգիաների առկայությունը շատ ավելի գրավիչ էին ուսանողների համար, և նրանց ներգրավվածությունը դրանով իսկ բավականին խթանված էր։
Կցանկանայի նշել մարդկային գործոնը, որը ինձ հաճելիորեն զարմացրեց։ Ե՛վ համալսարանի անձնակազմը, և՛ պարզապես դրսում հանդիպող մարդիկ չափազանց սիրալիր էին, պատրաստակամ օգնելու ցանկացած հարցում։ Հաճելի և դրական հուշեր պարգևեցին ինձ Պիտեշտի համալսարանի ուսանողները։ Նրանք իսկապես ցանկություն էին հայտնում գալ և սովորել ԲՊՀ-ում, հիմնավորելով, որ մեր համալսարանից Պիտեշտի համալսարան մեկնած և իրենց դասավանդած բոլոր դասախոսները բավականին հետաքրքիր նյութեր են իրենց ներկայացրել։ Ինչպես նաև տեսնել Հայաստանը, որի մասին ևս իրազեկվել են ԲՊՀ դասախոսների կողմից ներկայացված տեղեկատվության շնորհիվ։