Ս.թ. հոկտեմբերի 18-ից 20-ը Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը և արտաքին կապերի ու միջազգային համագործակցության վարչության պետ Քրիստինա Ծատուրյանը պաշտոնական այցով գտնվում էին Գերմանիայի Մարթին Լյութեր Հալլե-Վիտենբերգ համալսարանում: Այցի շրջանակներում, հոկտեմբերի 17-ին ԵՊԼՀ-ի պատվիրակությունը մասնակցեց Մարթին Լյութեր Հալլե-Վիտենբերգ համալսարանի նախորդ ռեկտորից նոր ռեկտոր պրոֆեսոր Քրիստիան Թիթյեին պարտականությունների փոխանցման հանդիսավոր արարողությանը: Ողջույնի և շնորհակալական խոսքերով հանդես եկան Սաքսոնիա-Անհալթի նախարար-նախագահ Ռայներ Հազելոֆը, Գիտության, թվայնացման և տնտեսության նախարար Արմին Վիլլինգմանը, Հալլե և Վիտտենբերգ քաղաքների քաղաքապետներ Բերնդ Վիգանդը և Էքհարդ Նաումանը ու այլ բարձրաստիճան հյուրեր: Արարողության ընթացքում նշվեց նախորդ 8 տարիների ընթացքում կատարված աշխատանքները և ձեռքբերումները, իսկ արարողության ավարտին պրոֆեսոր Թիթյեն հանդես եկավ մասնագիտական զեկույցով միջազգային տնտեսության և իրավունքի վերաբերյալ:

 

Հոկտեմբերի 18-ին տեղի ունեցավ ԵՊԼՀ-ի և  Մարթին Լյութեր Հալլե-Վիտտենբերգ համալսարանի ռեկտորների հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին հետագա համագործակցության հեռանկարները, ԵՊԼՀ-ի ռեկտոր Կարինե Հարությունյանը ներկայացրեց երկու համալսարանների միջև կատարված աշխատանքները և համագործակցության զարգացման հեռանկաները, մասնավորապես՝ Հայաստանում ամառային դպրոցի կազմակերպումը և Հալլե-Վիտտենբերգ համալսարանի ուսանողների հնարավոր մասնակցությունը, համատեղ հետազոտությունների իրականացումը, դասախոսների և ուսանողների փոխանակումը: Պրոֆեսոր Թիթյեն նշեց, որ կաջակցի Հայաստանում և տարածաշրջանում համագործակցության, ուսանողների և դասախոսների փոխանակման ընդլայնմանը, ինչպես նաև համատեղ հետազոտական նախագծերի իրագործմանը:   Առանձին հանդիպումներ տեղի ունեցան նաև արևելագիտության ինստիտուտի տնօրեն Կորնելիա Հորնի, քաղաքագիտության ֆակուլտետի դեկան Պետրա Դոբների, ինչպես նաև գերմանիստիկայի ինստիտուտի տնօրենի տեղակալ պրոֆեսոր Հ. Զոլմսի հետ՝ մանրամասն քննարկելու հետագա համագործակցությունը:

Հոկտեմբերի 19 ԵՊԼՀ-ի ռեկտորը և ԱԿՀՄ վարչության ղեկավարը մասնակցեցին նաև «Մեսրոպ» հայագիտության կենտրոնի 20-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը, որին ներկա էին բարձրաստիճան հյուրեր, այդ թվում՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի ղեկավարությամբ Հայաստանի պատվիրակությունը, Գերմանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը: Հանդիսավոր արարողության ընթացքում նշվեց այն մեծածավալ հայապահպան աշխատանքները, որոնք տարվել են «Մեսրոպ» կենտրոնի կողմից:

Աշխատանքային այց Գերմանիայի Մարթին Լյութեր Հալլե-Վիտենբերգ համալսարան