Արքայազն Ռադուն իր խոսքում հիշեցրեց, որ իրենց ինքնությունը պահպանելու ճանապարհին Հայաստանն ու Ռումինիան անցել են նմանօրինակ պատմական դժվարություններով և իրենց պատմական անցյալով վաստակել են միջազգային հանրության կողմից հարգված և գնահատված լինելու իրավունքը: «Լեզուների իմացությունն ունի ռազմավարական նշանակություն», ասաց արքայազն Ռադուն իր ոգեշնչող խոսքում: «Մենք պետք է առանձնակի կարևորություն տանք կրթությանը և բաց լինենք նոր գաղափարների հանդեպ: Միացնելով մեր ջանքերը կրթության, զբոսաշրջության և այլ ոլորտներում, մենք կկարողանանք մեր երկրների միջև հաստատված համագործակցային հարաբերությունները բերել մի նոր մակարդակի: «Քաղաքականությունն այն ուժն է, որ օգնում է մեզ դիմակայել դժվարություններին, սակայն կայուն պետություն և ժողովրդավարական երկիր կառուցելու լավագույն երաշխիքը հավասարակշռության ապահովումն է քաղաքականության և հանրության միջև», հավելեց հարգարժան հյուրն իր խոսքի վերջում:
Օրը, որ համալսարանում սկսվել էր սպասումով և դրական լիցքերով, հարստացավ նորի իմացությամբ ու ոգևորությամբ:
Հիշեցնենք, որ Ռումինիայի արքայազն Ռադուն Հայաստանում է գտնվում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով:
Որպես արքայադուստր Մարգարիտայի ամուսին՝ արքայազն Ռադուն հաճախ ուղեկցում է իր կնոջը, աջակցում երկրի սոցիալական և տնտեսական ծրագրերին: Արքայազնը մի շարք ռումինական բարեգործական կազմակերպությունների անդամ է: