Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Ռուսաց լեզվի և մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ բուհում մեկնարկեց  ռուս արձակագիր, հրապարակախոս, հասարակական գործիչ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ա. Սոլժենիցինի 100-ամյակին նվիրված գիտաժողովը:

Բացման խոսքով հանդես եկավ ԵՊԼՀ  ռեկտոր Կարինե Հարությունյանը՝ ողջունելով ներկաներին. ‹‹Ա. Սոլժենիցինի 100-ամյակին նվիրված գիտաժողովի անցկացման գաղափարը պատկանում է մեր բուհի պրոֆեսոր, ռուսագիտության վետերան պարոն Միխայիլ Ամիրխանյանին. մարդ, որը հայտնի է ոչ միայն մեր երկրում, այլև՝ նրա սահմաններից դուրս: Հենց նրա շնորհիվ է, որ պարբերաբար գիտաժողովներ են անցկացվում՝ նվիրված ռուս գրողներին ու նրանց գրական ժառանգությանը: Այսօր տարբեր երկրների առաջատար գրականագետներ են հյուրընկալվել ԵՊԼՀ-ի հարկի տակ՝ ուսումնասիրելու Սոլժենիցինի գրական ժառանգության խնդիրները: Մեզ համար հատկապես կարևոր է, որ այսօրվա երիտասարդ ընթերցողը հաղորդակից լինի Սոլժենիցինի գործերին, ճանաչի նրա հեղինակած ստեղծագործությունները: Ես ուսումնասիրել եմ գիտաժողովի մասնակիցների արդեն իսկ տպագրված նյութերի ժողովածուն և կարող եմ վստահությամբ փաստել, որ թեմատիկան կարդարացնի բոլորիս սպասելիքները: Այս գիտաժողովը մեծ ներդրում է ոչ միայն Սոլժենիցինի գրական ժառանգության ուսումնասիրության հարցում, այլև՝ մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամության համար››,-նշեց ԵՊԼՀ-ի ռեկտորը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Հայաստանի Գրողների միության միակ ռուսալեզու հայկական գրական-գեղարվեստական հասարակական և քաղաքական ամսագրի՝ «Գրական Հայաստան»-ի փոխխմբագիր Սերգեյ Մուրադյանը: Գրականագետը ողջունեց ներկաներին. ‹‹Մենք այսօր այստեղ հավաքվել ենք քննարկելու ռուս հայտնի արձակագրի, մեծանուն անհատի ստեղծագործություններ, որոնք մարդկային գիտակցության ու պատկերացումների հեղափոխություն են կատարել: Այսօր անդրադառնում ենք մի գրողի, որի անունը պատմության մեջ է դրոշմվել հավերժ,-նշեց  Սերգեյ Մուրադյանը:

Պրոֆեսոր Միխայիլ Ամիրխանյանի խոսքով՝ գիտաժողով անցկացնելու միտքը եղել է վաղուց՝ դեռ 2014 թվականին, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր ստորագրեց «Ա. Սոլժենիցինի 100-ամյա հոբելյանը նշելու մասին»:

 ‹‹ՀՀ նախագահ պարոն Արմեն Սարգսյանի կողմից հատուկ ուղերձ ունենք. սա, ըստ էության, առաջին դեպքերից է, որ նման բարձր ատյանից հատուկ ողջույն ունենք, որն, ի դեպ, տեղ է գտել մեր գիտաժողովի նյութերի արդեն իսկ տպագրված ժողովածուի մեջ: Հատուկ ուղերձ ունենք նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի կողմից: Նշեմ, որ գիտաժողովը շարունակական է. այսօր այն  տեղի է ունենալու մեր բուհում, վաղը՝ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, իսկ հաջորդ օրն արդեն գիտաժողովը կհյուրընկալվի Վանաձորի պետական համալսարանում››,-նշեց պրոֆեսորը:

Հավելենք, որ գիտաժողովի  շրջանակում 8 համաձայնագրեր են կնքվել տեղական համալսարանների և Ռուսաստանի առաջատար բուհերի հետ: