Նոյեմբերի 14-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում տեղի ունեցավ ‹‹ACE Armenia›› հասարակական կազմակերպության կողմից համակարգվող ‹‹Work & Travel USA program 2019›› ծրագրի ներկայացումը:
Ներկաներին ողջունեց ՍԳՍ ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանը. «Արդեն 4-րդ տարին է, որ ծրագիրն իրականացվում է։ Մեր բուհի ուսանողներն էլ ամեն տարի մասնակցել են ծրագրին։ Ծրագրին ուսանողների մասկացությունը հատկապես կարևորվում է միջմշակութային հաղորդակցման համատեքստում՝ նոր քաղաքակրթության և ամերիկյան միջավայրին ծանոթանալու հնարավորության տեսանկյունից»։
‹‹ACE Armenia›› ՀԿ տնօրեն Արմեն Հայրումյանը նշեց, որ ՀԿ-ն ԵՊԼՀ-ի հետ ավանդաբար լավ գործընկերային հարաբերությունների մեջ է և ծրագիրը պարբերաբար ներկայացվում է ԵՊԼՀ-ում։
Պրն. Հայրումյանը հույս հայտնեց, որ ծրագրին ԵՊԼՀ ուսանողները ակտիվ մասնակցություն կունենան, քանի որ ունեն մասնակցելու ողջ ներուժը։
«Ծրագիրն այն մարդկանց համար է, որոնք պատրաստ են փոխել իրենց կյանքը: Կարևոր է, որ ծրագիրը պետական է, այն Միացյալ Նահանգների կառավարության ծրագիրն է։ Նպատակն է աշխարհի տարբեր երկրների ուսանողներին 3 ամիս ժամկետով հնարավորություն տալ լինել Միացյալ Նահանգներում, ծանոթանալ այդ երկրի մշակույթին, կենցաղին, սա նաև հիանալի հնարավորություն է այն ուսանողների համար, որոնք նպատակ ունեն հետագայում իրենց կրթությունը շարունակել ԱՄՆ-ում»,-նշեց պրն. Հայրումյանը։