Ապրիլի 18-ին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում բացվեց «Օսմանյան կայսրության հայկական վարժարանների հետքերով. ուսյալ ազգի վկայագրերը» խորագրով ցուցադրությունը, որը տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համագործակցության շնորհիվ՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ: Ցուցադրության նպատակն էր ներկայացնել Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում գործած երկու հազար հայկական կրթօջախների երբեմնի բեղուն գործունեությունը, որն ընդհատվեց Հայոց ցեղասպանության հետևանքով:

Միջոցառմանը ողջույնի խոսք հղեց ԲՊՀ դասախոս և ՀՑԹԻ աշխատակից Սերինե Մուրադյանը, որից հետո ուսանողներն անդրադարձան Օսմանյան կայսրությունում ապրած և տարբեր ոլորտների կայացման և զարգացման գործում անուրանալի ներդրում ունեցած հայերին: Բալյանների ընտանիք (ճարտարապետություն), Աբդուլլահյան եղբայրներ (լուսանկարչություն), Հակոբ Վարդովյան (թատրոն), Ֆաբրիկատորյան եղբայրներ (տեքստիլի արտադրություն). այս մարդիկ իրենց մասնագիտական հմտություններն ու կարողությունները ծառայեցրին ոչ միայն ներհամայնքային հայկական միջավայրի այլև ողջ Օսմանյան կայսրության տարբեր ոլորտների զարգացմանը:

Ցուցադրությունը ներկայացրին ՀՀՍ-ի ֆակուլտետի լրագրության բաժնի 2-րդ կուրսի ուսանողները: Նրանք ներկաներին պատմեցին արևմտահայ կրթօջախների գործունեության մասին, առանձին բաժնով ներկայացրին Կ.Պոլսի հայկական վարժարանները, որտեղ ուսանել են Հայոց ցեղասպանությանը զոհ դարձած արևմտահայ հայտնի մտավորականներ:

Միջոցառմանը ներկա էին ԲՊՀ ռեկտոր Դ. Գյուրջինյանը, Արևելյան լեզուների ամբիոնի վարիչ Ք. Ռաֆայելովան, ՀՑԹԻ գիտքարտուղար Ն. Մարգարյանը, ՀՑԹԻ կրթական ծրագրի պատասխանատու Ի. Ստեփանյանը, դասախոսներ, ուսանողներ: Դ. Գյուրջինյանն իր խոսքում կարևորեց նման միջոցառումների անցկացումը և նշեց հասարակություննրի կայացման գործում կրթության դերի մասին: ՀՑԹԻ գիտքարտուղար Ն. Մարգարյանն իր խոսքում շեշտեց, որ ԲՊՀ և ՀՑԹԻ-ի միջև համագործակցության ամուր և կայուն հիմքեր են դրվել, որի ապացույցը ոչ միայն այս ցուցադրության բացումն է, այլև Հայոց ցեղապանության թանգարանի աուդիոգիդերի տեքստերի չինարեն և կորեերեն թարգմանության հարցում ԲՊՀ-ի աջակցությունը: Նա հույս հայտնեց, որ մոտ ապագայում թանգարանում կգործարկվեն չինարեն և կորեերեն աուդիոգիդերը:

Տեղեկացնենք, որ ցուցադրությունը մեկ ամիս ներկայացված է լինելու Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում:

«Օսմանյան կայսրության հայկական վարժարանների հետքերով. ուսյալ ազգի վկայագրերը» խորագրով ցուցադրություն