«ԵՊԼՀ դեսպան» ծրագրի մասնակիցը Բուլղարիայում

Այս անգամ «ԵՊԼՀ դեսպան» ծրագրի մեր մասնակիցն է Մարի Հայրապետյանը: Լինելով Երևանի Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռուսաց և օտար լեզուների ֆակուլտետի արդեն 4-րդ կուրսի ուսանողուհի և սովորելով բուլղարերեն լեզու՝  նա 2019թ. հուլիսի 15-ից օգոստոսի 4-ը, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև կրթության և գիտության բնագավառում համագործակցության մասին» ծրագրի շրջանակներում, հնարավորություն ունեցավ մասնակցելու Բուլղարիայի Վելիկո Տառնովո քաղաքում անցկացվող 42-րդ միջազգային սեմինարին:

Մասնակցում էին ավելի քան 100 երկրներից ուսանողներ։ Մեր ուսանողուհին խորացրեց բուլղարերեն լեզվի և մշակույթի իր գիտելիքները, պատվով ներկայացրեց Հայաստանը, հայկական մշակույթը, ինչպես նաև ԵՊԼՀ-ն և մեր ծրագրերը: Դասնթացներին զուգահեռ նա մասնակցեց նաև «Սբ. Կիրիլ և Մեթոդի» համալսարանի կողմից կազմակերպված բուլղարական ազգագրություն և բուլղարական բանահյուսություն թեմաներով սեմինարներին։