«Լեզուների իմացությունը իմաստության ճանապարհն է»
Ռոջեր Բեյքոն
Լեզուների եվրոպական օրվա հիմնական նպատակն է պահպանել և զարգացնել լեզուները, քանզի տարբեր լեզուների իմացությունը միջմշակութային հաղորդակցման լավագույն բանալին է։
Լեզուների եվրոպական օրը հռչակվել է Եվրոպայի Խորհրդի կողմից (Եվրոպական Միության աջակցությամբ) լեզուների եվրոպական տարվա ընթացքում՝ 2001 թվականի դեկտեմբերի 6-ին և 2002 թվականից ի վեր ամեն տարի սեպտեմբերի 26-ին նշվում է Եվրոպայում և նրա սահմաններից դուրս։
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում տարիներ շարունակ նշվում է Լեզուների եվրոպական օրը, իսկ օրվան համահունչ ներկայացվում են համալսարանում դասավանդվող օտար լեզուները:
Այս տարի նույնպես սեպտեմբերի 26-ին՝ ժամը 13.00-ին, համալսարանի բակը կվերածվի լեզուների պայծառ շքերթի։ Մոտ 60 դպրոցների աշակերտներ կծանոթանան համալսարանում ուսուցանվող ավելի քան 20 օտար լեզուներին և այդ լեզուների ուսումնասիրման հնարավորություններին, ինչպես նաև մասնագիտություններին և կրթական ծրագրերին: Արդեն իսկ դպրոցական նստարանից նրանք հնարավորություն կունենան հաղորդակցվելու լեզուների բազմազանությանն ու առանձնահատկություններին, կգիտակցեն լեզուներ սովորելու կարևորությունը, գաղափար կկազմեն համալսարանի ուսումնառության ընթացքին, մշակույթին և կկողմնորոշվեն մասնագիտության ընտրության հարցում։
Ահա այն բաղադրիչները, որոնք կընդլայնեն այսօրվա երիտասարդի աշխարհայացքը, կնպաստեն աշխատաշուկայում մրցունակության զարգացմանը, կձևավորեն վստահություն իր վաղվա օրվա հանդեպ։