Երևանի առաջատար համալսարանները կհամագործակցեն Breedge-ի հետ
10.05.2019
+374 11 300 150
info@brusov.am

Երևանի առաջատար համալսարանները կհամագործակցեն ուսանողների աշխատանքի ընդունման խնդիրը լուծող ստարտափի` Breedge-ի հետ:

Breedge հարթակը հնարավորություն է տալիս օգտատեր-համալսարաններին արդյունավետ փոխհարաբերություններ ձևավորել գործատու կազմակերպությունների հետ և տեղեկանալ աշխատանքի ընդունվող ուսանողների հաջողությունների մասին։

Սույն թվականի մարտ ամսից սկսած հայաստանյան մի քանի առաջատար բուհեր՝ Հայաստանի ամերիկյան համալսարանը, Հայաստանում ֆրանսիական համալսարանը և Երևանի Վ․Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը, կօգտվեն Breedge ստարտափի ծառայություններից, որպես կարիերայի հարթակ իրենց ուսանողների համար։

Համագործակից Համալսարանները կունենան հատուկ իրենց համար ստեղծված էջեր, որտեղից ուսանողներին հասանելի կլինի տեղեկատվություն տարբեր կազմակերպություններում պրակտիկա անցնելու հնարավորությունների և աշխատաշուկայում առկա հաստիքների մասին: Այս հարթակն իրենց թույլ կտա արդյունավետ շփման մեջ մտնել ուսանողների հետ, ինչպես նաև հետադարձ կապ ապահովել ընկերությունների հետ։

Breedge-ի տեսլականն է իրենց հարթակում միավորել բոլոր բուհերը, և կազմակերպություններին պարգևել երիտասարդ կադրեր ներգրավելու ամենադյուրին և արագ միջոցը։ Նախագծի փորձարկումն արդեն մեկնարկել է 3 բուհերում, սակայն շուտով չի բացառվում այլ առաջատար բուհերի ընդգրկումը հարթակում։

Այսօր Breedge կայքը բաց է հայաստանյան բոլոր ուսանողների համար։ Նրանք կարող են գրանցվել հարթակում՝ պարզապես այցելելով breedge.am և անցնելով հետևյալ 3 քայլերով․

Գրանցվիր -> Դիմիր կամ ստացիր հրավեր -> Սկսիր քո կարիերան

Breedge հարթակը միաժամանակ լուծում է մի քանի խնդիր։ Այն ուսանողների համար հնարավորություն է ընձեռում առցանց անհատական էջ ստեղծելու, որի ձևաչափը Breedge-ը ձևավորել է Հայաստանի առաջատար Մարդկային Ռեսուրսների մասնագետների աջակցությամբ։ Ուսանողն իր էջը ստեղծելուց հետո կարող է դիմել տարբեր հասանելի հաստիքների, որոնք տրամադրվում են ինչպես համալսարանների, այնպես էլ Breedge-ի գործընկեր 130-ից ավել օգտատեր-կազմակերպությունների կողմից, որոնց շարքում են Philip Morris Armenia, Tumo Center for Creative Technologies, Enterprise Incubator Foundation (EIF), Vineti, և այլն։

«Համալսարանի օգտատերերն ուղղակի կարող են ներմուծել հաստիքներ, և մեր հարթակի խելացի համակարգը կթիրախավորի և անհատականացված նամակներով կհրավիրի հաստիքին ամենահամապատասխան ուսանողներին», - նշեց Breedge-ի համահիմնադիր Վահան Մելքոնյանը։

Breedge-ն օգնում է կազմակերպություններին ներգրավել երիտասարդ կադրերի։ Breedge հարթակը ակտիվ գործածվում է շուրջ մեկ տարի։ Այս պահին այն համախմբում է ավելի քան 3000 գրանցված ուսանողի, 130 օգտատեր-կազմակերպությունների և գրանցել է 210-ից ավել հաջողության դեպքեր։