2026-2027 ուստարվա, պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, ասպիրանտուրայի ընդունելության գործընթացը
28.08.2025

Ի գիտություն հետբուհական կրթական ծրագրեր իրականացնող հաստատություններին և գիտական ղեկավարներին

Մեկնարկել է 2026-2027 ուսումնական տարվա, պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, ասպիրանտուրայի առկա և հեռակա ընդունելության տեղերի ձևավորման գործընթացը:

Տեղերի ձևավորման համար հայտերը ներկայացվում են Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի grants.hesc.am համակարգի միջոցով՝ մինչև 2025 թվականի հոկտեմբերի 20-ը՝ ժամը 18։00-ն։

   Հայտերի ներկայացման ընթացակարգը.

   1. Գիտական թեմա ղեկավարող անձը.

   1) ասպիրանտուրայի հետազոտության ընդհանուր թեման ներկայացնում է հետբուհական կրթական ծրագիր իրականացնող հաստատության գիտական խորհրդին կամ համապատասխան լիազորություններ ունեցող այլ ստորաբաժանմանը,

   2) ստանում է եզրակացությունը, որտեղ հիմնավորվում է թեմայի արդիականությունը և տվյալ հաստատությունում այն իրականացնելու նպատակահարմարությունը,

   3) grants.hesc.am համակարգում ներմուծում է եզրակացությունը և լրացնում հետազոտության ընդհանուր թեմայի վերաբերյալ կայքում պահանջվող տվյալները,

   4) հայտն ուղարկելուց հետո համակարգում ձևավորված և ծածկագիր ստացած հայտի տիտղոսաթերթը ներկայացնում է հաստատությանը, որտեղ իրականացվելու է հետազոտությունը։

   2. Հաստատությունը․

   1) orgs.hesc.am համակարգի միջոցով ստուգում է հաստատության ցանկում ներառված հայտերում առկա տեղեկատվությունը,

   2) հաստատության հայտերը քննարկվում և հաստատվում են գիտխորհրդի կողմից,

   3) Հաստատությունը մեկ ընդհանուր փաթեթով Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե է ներկայացնում ամփոփոված հայտերը՝ նշելով հաստատության առաջնահերթությունները,

   3. ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն պատրաստում է «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների 2026-2027 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ ասպիրանտուրա ընդունելության տեղերը և դրանց բաշխումը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը:

Նախագիծը պատրաստելիս հաշվի է առնվելու.

   1) Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի grants.hesc.am համակարգում հավանական գիտական ղեկավարի հայտի առկայությունը,

   2) Հաստատության կողմից հավանական գիտական ղեկավարների ներկայացրած հայտերին տրված առաջնահերթությունը,

   3) Գերատեսչությունների հայտերը,

   4) Հաստատության ներկայացրած առկա և հեռակա տեղերի քանակը,

   5) Հավանական գիտական ղեկավարի միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում (ՄԳՇ) տպագրված հոդվածների առկայությունը, հոդվածների քանակը, Հիրշի ինդեքսը և այլն։

   6) Հավանական գիտական ղեկավարի ընթացիկ ասպիրանտների և հայցորդների թիվը (ընթացիկ տարում ավարտող ասպիրանտների ու հայցորդների առկայությունը հաշվի չի առնվում):