Գայանե Գերասիմի Գևորգյան
ԲՊՀ Հայագիտության ամբիոնի վարիչԳայանե Գևորգյանը 1982-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը գերազանցության դիպլոմով: Նույն թվականին ընդունվել է ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի ասպիրանտուրան, որն ավարտելուց հետո 1985-ից աշխատանքի է անցել ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտում: Գ. Գևորգյանը 1988 թ.-ին ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի, 2014-ին՝ բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, 2005-ին՝ դոցենտի, 2016-ին՝ պրոֆեսորի գիտական կոչում: Նա 1997-ից աշխատում է Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի հայագիտության ամբիոնում` որպես դոցենտ, 2012-ից՝ ամբիոնի վարիչ:
Նախկին Խորհրդային Միության նորանկախ երկրների գիտնականների աջակցության և համագործակցության միջազգային դրամաշնորհային ծրագրով /INTAS/ 1994, 1996, 1997 թվականներին Գ. Գևորգյանը չորսամսյա ժամկետներով գիտական գործուղումների է մեկնել Նիդեռլանդների Միացյալ Թագավորություն՝ Լեյդենի համալսարան, իսկ 2003-ին՝ Փարիզի արևելյան լեզուների ինստիտուտ:
Մասնակցել է միջազգային գիտաժողովների Հայաստանում և նրա սահմաններից դուրս՝ Ամստերդամում, Լեյդենում, Փարիզում, ԱՄՆ-ում, Պետերբուրգում և Մոսկվայում:
Հեղինակ է 7 տասնյակ գիտական աշխատանքների, որոնցից 3-ը՝ մենագրություն, 1-ը՝ ուսումնամեթոդական ձեռնարկ, 1-ը՝ դասագիրք: