Հայաստանի ազգային գրադարանում ներկայացվել են Հայոց ցեղասպանությանը և 44-օրյա պատերազմին նվիրված երեք գրքեր

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային գրադարանը (ՀԱԳ) և Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանը համատեղ երեք գրքերի՝ շնորհանդես-քննարկում է կազմակերպել Ազգային գրադարանում. Լուսինե Աբգարյանի «Հետհիշողություն, ֆիկցիա, պատկերապատում, ֆրանսիական արդի գրականության անդրադարձը Հայոց Ցեղասպանությանը» գիտական ուսումնասիության հիմնահարցերի շրջանակում ներկայացվել են Բրյուսովի համալսարանի շրջանավարտ, 44-օրյա պատերազմի մասնակից Տիգրան Գասպարյանի «Հիշողություններ պատերազմից» ինքնակենսագրական պատումը և գրող, լրագրող Լիկա Զաքարյանի «44 օր. օրագիր անտեսանելի պատերազմից» պատերազմական օրագիրը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ազգային գրադարանից, ՀԱԳ-ի տնօրեն Աննա Չուլյանի և Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանի ողջույնի խոսքերից հետո համալսարանի դասախոս Լուսինե Աբգարյանը հանգամանորեն խոսել է հիշողության վերաիմաստավորման, վկայությունների, հետանդրադարձերի, հետհիշողության մասին՝ համապարփակ ներկայանելով թեման։

Ըստ աղբյուրի՝ զուգահեռներ անցկացնելով Հայոց ցեղասպանության և 44-օրյա պատերազմի ականատեսների վկայությունների միջև՝ Լուսինե Աբգարյանը զրույցի է հրավիրել Տիգրան Գասպարյանին և Լիկա Զաքարյանին։

Լիկա Զաքարյանը պատմել է, որ 44-օրյայի ամբողջ ընթացքում Ստեփանակերտում, ռմբապաստարանում շարադրել է իր ապրումները, խորհրդածությունները, իր միջով անցկացրել տեղի ունեցող իրադարձությունները։

Նա նշել է, թե իր օրագրությունն այնքան անձնականացված է եղել՝ վերջին օրվա ամենօրյա զգացողությամբ, ապրողի անկեղծությամբ, որ հետագայում, երբ առիթ է ունեցել այն թարգմանելու անգլերեն, ինքն իրեն պախարակել է այդքան բաց գրելու համար։

Զաքարյանն ընդգծել է, որ իր համար անչափ ծանր է օրագիրը վերընթերցելն ու այդ օրերի արհավիրքը վերապրելը ։

«Տիգրան Գասպարյանն ականատեսի իր վկայությունները շարադրել է մի շնչով։ Ի տարբերություն Լիկայի, նա իր գիրքը որերորդ անգամ ընթերցելուց հետո արդեն որպես ուրիշի ստեղծագործություն է ընկալում։ 

Գրական երկերը մասնակցում են մարդկության դեմ գործված ոճրագործության ժխտողականության մասի իրազեկվածության բարձրացման գործին։

Ավելի քան 100 տարի անց, Օսմանյան կայսրության անկման՝ մայրամուտի համապատկերում իրագործված Հայոց ցեղասպանությունը ո՛չ քաղաքական, և ո՛չ էլ դիվանագիտական առումով անցյալին չի պատկանում:

Հայոց Ցեղասպանության թեման արևմտաեվրոպական գրական դաշտում ի հայտ եկավ ուշացումով: Արևմտյան Եվրոպայում Ֆրանսիան առաջին երկրներից մեկն էր, որտեղ մտավորականությունը բարձրացրեց իր ձայնը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Լուսինե Աբգարյանի «Հետհիշողություն, ֆիկցիա, պատկերապատում, ֆրանսիական արդի գրականության անդրադարձը Հայոց Ցեղասպանությանը» գրքում հեղինակը քննության է առել ծագումով հայ և ֆրանսիացի քսանից ավելի հեղինակների երկերը: «Այլոց ողբերգությունն արտահայտելու գրականություն»,- նշել է հեղինակը։

ՀԱԳ-ի տեղեկացմամբ՝ Լուսինե Աբգարյանը հանգամանորեն ներկայացրել է նաև տարբեր ոլորտների՝ պատմաբաններ Ռեյմոն Գևորգյանի, Թաներ Աքչամի, Իվ Տերնոնի, հոգեվերլուծաբաններ Ժանին Ալթունյանի, Հելեն Փիրալյանի, գրականագետներ Կաթրին Կոքիոյի, Մարիան Հիրշի՝ թեմային նվիրված տեսական դրույթները:

«Գրքի առաջին մասը՝ «Ցեղասպանության «ուրվականը». հիշողության հիշողությունը. վկայության, հետհիշողության և պատումի խաչմերուկում» վերնագրով, անդրադարձ է «ճակատագրական ժառանգականությանը, որով, առանց իրենց իսկ ցանկության, վերապրողների սերունդներն առնչվում են իրենց ծնողների/նախնիների պատմական հոգեցնցմանը:

Գրքի երկրորդ՝ «Պատմության, ֆիկցիայի և հանձնառության խաչմերուկում» մասում մենք հայտնվում ենք Պատմության՝ իրական անցյալի և ֆիկցիոնալ աշխարհների խաչմերուկում: Պատմական անցյալը ներկայացնելը սերտորեն առնչվում է ֆիկցիային, իսկ այս վերջինն իր կանոնների միջոցով փորձում է հնարավորինս մոտենալ անցյալին: Այս մասում հեղինակը կենտրոնանում է վեց երկերի վերլուծության վրա, որոնց հեղինակներից երեքը ֆրանսիացի, երեքը՝ ծագումով հայ ֆրանսագիր արձակագիրներ են:

Ուսումնասիրության երրորդ՝ «Պատկերապատումը և Ցեղասպանությունը» մասում Լուսինե Աբգարյանը անդրադառնում է գրաֆիկական պատումին՝ լուսանկարչությանը, ցեղասպանության թեմայի արվեստի լեզվով մատուցմանը՝ կինոյին և երաժշտությանը»,- հայտնում են ՀԱԳ-ից:

«Հետհիշողություն, ֆիկցիա, պատկերապատում, ֆրանսիական արդի գրականության անդրադարձը Հայոց Ցեղասպանությանը» գիրքը լույս է ընծայվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ Հայաստանի ազգային գրադարանի կողմից համակարգվող դրամաշնորհային ծրագրով, «Անկյունաքար» հրատարակչությունում: Գրքի տպագրությանն աջակցել են նաև Հայագիտական ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային ասոցիացիան (NAASR) և SPFA-ն՝ Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի «Օժանդակություն տպագրությանը» ծրագրով։

armenpress.am