Հանդիպում Տիր-Ար ընկերության ներկայացուցիչների հետ
06 Դեկտեմբեր Ուրբ․
12:00
ՍՄԱՐԹ կենտրոն

Դեկտեմբերի 6-ին, ժամը 12:00 ԵՊԼՀ-ի ՍՄԱՐԹ կենտրոնում (Կարիերայի կենտրոնի և Շրջանավարտների միավորման մասնաշենք, 4-րդ հարկ) տեղի է ունենալու հանդիպում-սեմինար Տիր-Ար ընկերության ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում կներկայացվի ընկերության գործունեությունը, ինչպես նաև կխոսվի հայաստանյան տուրիզմի գրավչությունից։ Վերջում, հանդիպման մասնակիցները հնարավորություն կունենան հարցեր ուղղել:

Տիր-Ար ընկերությունը հիմնադրվել է 2010 թվականին։ Նախապես հանդես է եկել որպես ԿԱԾԱՆ ճանապարհորդների ակումբ, ապա որպես տուրիստական գործակալություն։ Գործունեության հիմնական ոլորտներն են տուրեր Հայաստանում, Վրաստանում, Արևմտյան Հայաստանում։ Տիր-Ար զբոսավարների դասընթացներն արդեն յոթ տարի է, ինչ գործում է։ Այս ընթացքում պատրաստել ենք հարյուրավոր սաներ, ովքեր այսօր հայաստանյան տուրիստական ինդուստրիայում իրենց ուրույն խոսքն են ասում և առաջատար զբոսավարներ են։

«Մենք մեր գործին մոտենում ենք ամենայն պատասխանատվությամբ, քաջ գիտակցելով մեր դերն ու առաքելությունը տուրիստական շուկայում։ Մասնավորապես, ունենք անխախտ սկզբունքներ, որոնցով առաջնորդվում են մեր սաները․

- Հայրենասիրությունն սկսվում է հայրենաճանաչողությունից։
- Զբոսավարը մեր պատմության և մշակույթի դեսպանն է՝ Հայաստան այցելած զբոսաշրջիկի համար»։

Ընկերության հիմնադիր տնօրեն՝ Վահէ Լոռենց․ պատմաբան, գրող, հրապարակախոս։ 16 գրքերի և ավելի, քան 500 հոդվածների հեղինակ։