Դեկտեմբերի 27-ին ԲՊՀ-ում տեղի ունեցավ «Չին հեղինակների ստեղծագործությունների ուսանողական թարգմանչական ամենամյա մրցույթ»-ի մրցանակաբաշխության արարողությունը։ Մրցույթը կազմակերպվել էր ԲՊՀ Արևելյան լեզուների ամբիոնի և Կոնֆուցիուսի ինստիտուտի համատեղ ջանքերով, որին մասնակցել են 27 ուսանող Հայաստանի Հանրապետության տարբեր համալսարաններից։ Մրցույթի մասնակիցներին հանձնարարվել է թարգմանել ժամանակակից չին գրականության հիմնադիր Լու Սյունի երկու ստեղծագործություն։

Նախընտրական և եզրափակիչ փուլերի արդյունքներով մրցույթի հաղթող է ճանաչվել Հայ-ռուսական համալսարանի ուսանողուհի Լիլիթ Ասլանյանը։ Մրցանակային 2-րդ տեղին արժանացել են Դիանա Մինասյանը (ԲՊՀ) և Սեդա Ղուկասյանը (ՀՌՀ), իսկ 3-րդ տեղին՝ Ամալյա Ասրիյանը (ԲՊՀ), Գոհար Համբարձումյանը (ԲՊՀ) և Լաուրա Առաքելյանը (ԵՊՀ)։

Միջոցառման ավարտին ԲՊՀ Կոնֆուցիուսի Ինստիտուտի չինական կողմի տնօրեն Հան Մինծիեն մրցույթի բոլոր մասնակիցներին հանձնեց վկայականներ, իսկ մրցանակակիրներին՝ նաև նվերներ։ Վերջինս ընդգծեց գրական թարգմանությունների կարևորությունը հայ-չինական մշակութային կապերի ամրապնդման գործում:

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում ամփոփեցին «Չին հեղինակների ստեղծագործությունների ուսանողական թարգմանչական մրցույթ»-ի արդյունքներ