«Գոնկուր» մրցանակն իր մեկդարյա պատմության մեջ առաջին անգամ պաշտոնապես եկել է Հայաստան։ Ֆրանկոֆոն աշխարհի ամենահայտնի ու հեղինակավոր գրական մրցանակն ունի նաև ազգային ժյուրիներ այն երկրներում, որոնք ռազմավարական, մշակութային և քաղաքակրթական մեծ նշանակություն ունեն։ 1998 թվականին Լեհաստանում սկսված «Գոնկուրյան ընտրություններ» ազգային մրցանակաբաշխության սահմանները շարունակ ընդլայնվում են․ Իտալիա, Սերբիա, Ռումինիա, Բելգիա, Արևելքի 11 երկրներ, Շվեյցարիա, Իսպանիա, Վրաստան, Միացյալ Թագավորություն, Հունաստան, Միացյալ Նահանգներ, Ճապոնիա և այժմ արդեն Հայաստան։ Այսուհետև Հայաստանը նույնպես կընտրի իր թեկնածուին, որի անունը հայտնի կդառնա «Գոնկուր» ազգային մրցանակաբաշխության օրը։ Ընտրված թեկնածուն կհրավիրվի Հայաստան, իսկ գիրքը կթարգմանվի հայերեն։
Այս մշակութային աննախադեպ իրադարձությունը հնարավոր դարձավ «Նյումեգ» հրատարակչության, Հայաստանում Ֆրանսիական ինստիտուտի, Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության, Ֆրանսիական համալսարանի, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի և Երևանի պետական համալսարանի համատեղ ջանքերի շնորհիվ։ Նպատակը՝ խթանել ֆրանսերեն լեզուն և գրականությունը և նպաստել դրանց տարածմանը Ֆրանսիայից դուրս, բարձրացնել տեղական հրատարակիչների իրազեկվածությունը ֆրանսերեն և ֆրանսախոս գրական արտադրության և թարգմանության վերաբերյալ, նպաստել նոր ժամանակակից ֆրանսախոս հեղինակների բացահայտմանը:
Մինչ այդ՝ ամիսը մեկ անգամ, ԲՊՀ Ակադեմիական նվաճումների կենտրոնում մրցանակին հավակնող գրքերի քննարկումներն անցկացնելու համար հանդիպում են մեր համալսարանի բակալավրիատի բարձր կուրսերի և մագիստրատուրայի ֆրանսախոս ուսանողներից ընտրված 10 ազգային պատվիրակները Ֆրանսերենի և ռոմանական բանասիրության ամբիոնի դոցենտ Ժ․ Մինասյանի և Ակադեմիական նվաճումների կենտրոնի ղեկավար, դոցենտ Ա․ Ջանիկյանի գլխավորությամբ։