Գոնկուրի հայաստանյան ընտրության ազգային ժյուրիի անդամները 30 էին՝ Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի, Երևանի պետական համալսարանի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի ֆրանսախոս ուսանողները։

2024 թ. սեպտեմբերին ԲՊՀ-ն ընտրեց ՄՀՔ և ԹՖ ֆակուլտետներից 10 ուսանող՝ Մարինա Եղոյանը, Լալա Առաքելյանը, Էլինա Գևորգյանը, Ինեսա Այվազյանը, Ջուլիա Անանյանը, Մելինե Դավթյանը, Մարիետա Մանգասարյանը, Նռանե Նահատակյանը, Անգին Առաքելյանը, Մարիամ Պետրոսյանը իրենց ֆրանսերենի դասախոս՝ Ռոմանական լեզուների ամբիոնի դոցենտ Ժակլին Մինասյանի և իրենց Ֆրանսիայի գրականության դասախոս՝ Համաշխարհային գրականության և քաղաքակրթությունների ամբիոնի դոցենտ Անի Ջանիկյանի հետ 6 ամիս շարունակ հանդիպումներ կազմակերպեցին «Գոնկուր» մրցանակի առաջին փուլը հաղթահարած ութ ֆրանսագիր հեղինակների վեպերի քննարկումների շուրջ։

Առաջին ամիսներին հանդիպումները տեղի էին ունենում ԲՊՀ Ֆրանկոֆոն հետազոտությունների միջհամալսարանական ակադեմիական նվաճումների կենտրոնում։ Փետրվարից հանդիպումները հեռավար էին, քանի որ ԲՊՀ ուսանողները մեկնել էին Ֆրանսիայի տարբեր քաղաքներ ուսումը շարունակելու նպատակով։ Հեռավորությունն անգամ խոչընդոտ չհանդիսացավ, որպեսզի խոսեն սիրո, ինքնության բացահայտման, արմատների որոնման, պատերազմների, հաղթանակների, լռության և լռությունը խզելու թեմաներից, որպեսզի վերապրեն Խադիջայի, Օբի, Միլանի, Ժակլին Արիսպի, Նաջիբի, Ալբերտ Շպեերի, Մադլենի և այլ հերոսների ճակատագրերը, քննարկեն մոդեռնիզմի, պոստմոդեռնիզմի, ենթատեքսի, էպիգրաֆի խորը հարցադրումները։ Կարծիքները կիսելուց հետո ուսանողները, ըստ նախապատվության, վերլուծականներ էին գրում իրենց նախընտրած վեպի շուրջ։

 

Սույն թվականի մարտի 31-ին Երևանի Շառլ ռեստորանում Գոնկուրի հայաստանյան ընտրության ազգային ժյուրիի 30 անդամները (ԲՊՀ ուսանողները հեռավար) կատարեցին իրենց պատասխանատու ընտրությունը։ Հայաստանն ընտրեց «Գոնկուր» հեղինակավոր մրցանակի իր դափնեկրին։ Ձայների մեծամասնությամբ հաղթող ճանաչվեց Գաել Ֆայի «Ժակարանդա» վեպը, որի հայերեն թարգմանությունը հայ ընթերցողի սեղանին կհայտնվի 2025 թ. հոկտեմբերին։

Ավարտվեց ևս մեկ անմոռանալի ճանապարհորդություն ֆրանսագիր գրականության գունեղ աշխարհում։

Ծրագրի իրականացման համար խորին շնորհակալություն Newmag հրատարկչությանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությանը, Հայաստանի ֆրանսիական ինստիտուտին, Հայաստանում ֆրանսիական համալսարանին և Հայաստանում Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությանը։

Տեսանյութը` այստեղ:

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի 10 ֆրանսախոս ուսանող` Գոնկուրի հայաստանյան ընտրության ազգային ժյուրիի անդամ