Հայաստանի ազգային գրադարանի և Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի համագործակցությամբ կազմակերպված երեք գրքերի շնորհանդես-քննարկումը շատ առումներով տարբեր էր գրքերի շնորհանդեսների հաստատված ձևաչափից, երբ առաջին տեղում է գրքի հեղինակը՝ երբեմն ստվերելով անգամ իր իսկ գրած գիրքը։

Լուսինե Աբգարյանի «Հետհիշողություն, ֆիկցիա, պատկերապատում, ֆրանսիական արդի գրականության անդրադարձը Հայոց Ցեղասպանությանը» գիտական ուսումնասիության հիմնահարցերի շրջանակում ներկայացվեցին Բրյուսովի համալսարանի շրջանավարտ, 44-օրյա պատերազմի մասնակից Տիգրան Գասպարյանի «Հիշողություններ պատերազմից» ինքնակենսագրական պատումը և գրող, լրագրող Լիկա Զաքարյանի «44 օր. օրագիր անտեսանելի պատերազմից» պատերազմական օրագիրը։

Հայաստանի ազգային գրադարան տնօրեն Աննա Չուլյանի և Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանի ողջույնի խոսքերից հետո համալսարանի դասախոս Լուսինե Աբգարյանը հանգամանորեն խոսեց հիշողության վերաիմաստավորման, վկայությունների, հետանդրադարձերի, հետհիշողության մասին՝ համապարփակ ներկայանելով թեման։

Զուգահեռներ անցկացնելով Ցեղասպանության և 44-օրյա պատերազմի ականատեսների վկայությունների միջև՝ Լուսինե Աբգարյանը զրույցի հրավիրեց Տիգրան Գասպարյանին և Լիկա Զաքարյանին:

Լիկա Զաքարյանը պատմեց, որ 44-օրյայի ամբողջ ընթացքում Ստեփանակերտում, ռմբապաստարանում շարադրել է իր ապրումները, խորհրդածությունները, իր միջով անցկացրել տեղի ունեցող իրադարձությունները։

Նա նշեց, թե իր օրագրությունն այնքան անձնականացված է եղել՝ գրված ամեն օր վերջին օրվա զգացողությամբ, ապրողի անկեղծությամբ, որ հետագայում, երբ առիթ է ունեցել այն թարգմանելու անգլերեն, ինքն իրեն պախարակել է այդքան բաց գրելու համար։

Զաքարյանն ընդգծեց, որ իր համար անչափ ծանր է օրագիրը վերընթերցելն ու այդ օրերի արհավիրքը վերապրելը։

Տիգրան Գասպարյանն ականատեսի իր վկայությունները շարադրել է մի շնչով։ Ի տարբերություն Լիկայի, նա իր գիրքը որերորդ անգամ ընթերցելուց հետո արդեն որպես ուրիշի ստեղծագործություն է ընկալում։

Գրական երկերը մասնակցում են մարդկության դեմ գործված ոճրագործության ժխտողականության մասի իրազեկվածության բարձրացման գործին: «Այլոց ողբերգությունն արտահայտելու գրականություն»,- ինչպես իրավացիորեն նշել է Լուսինե Աբգարյանը «Հետհիշողություն, ֆիկցիա, պատկերապատում, ֆրանսիական արդի գրականության անդրադարձը Հայոց Ցեղասպանությանը» գրքում։

Գիրքը լույս է ընծայվել ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ Հայաստանի ազգային գրադարանի կողմից համակարգվող դրամաշնորհային ծրագրով, «Անկյունաքար» հրատարակչությունում: Գրքի տպագրությանն աջակցել են նաև Հայագիտական ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային ասոցիացիան (NAASR) և SPFA-ն՝ Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի «Օժանդակություն տպագրությանը» ծրագրով։

Աղբյուրը՝ Հայաստանի ազգային գրադարան։

Տեղի ունեցավ քննարկում՝ «Հիշողության վերաիմաստավորում. պատում, մտապատկեր, վկայություն» թեմայով