Ս. թ. սեպտեմբերի 2-ին ԲՊՀ-ում տեղի ունեցավ հանդիպում առաջին կուրսեցիների հետ: Յուրաքանչյուր ֆակուլտետի ուսանողները նախապես ամրագրված ժամին հանդիպեցին ռեկտոր Դ. Գյուրջինյանի, իրենց ֆակուլտետների դեկանների, ամբիոնի վարիչների և ՈՒԽ ներկայացուցիչների հետ:

Ողջունելով ուսանողներին՝ ռեկտոր Դ. Գյուրջինյանը նշեց. «Սիրելի՛ ուսանողներ, այսօր հիշարժան օր է ձեր կյանքում, որովհետև այսօրվանից դուք դառնում եք Հայաստանի ամենահեղինակավոր բուհերից մեկի ուսանողները: Այս բուհը թեև գրեթե 90 տարեկան է, բայց միշտ երիտասարդ է մնում իր ուսանողներով: Շնորհավորում եմ ձեզ ուսանող դառնալու կապակցությամբ: Տասներկու երկար ու ձիգ տարիներ դպրոցում սովորելուց հետո դուք ընդունվել եք բուհ: Սա լրիվ նոր իրավիճակ է ձեր կյանքում: Այստեղ կա ամենօրյա աշխատանք և այդ աշխատանքի գնահատում: Միայն դասի գալով դուք չեք հաջողի ծրագիրն իրականացնել, դուք պետք է ինքնուրույն աշխատեք, անդադար պետք է աշխատեք: Օգտագործեք այս չորս բարեբաստիկ տարիները»:

Նա խորհուրդ տվեց ուսանողներին իրենց ուսումնառության ընթացքում կենտրոնանալ բովանդակության, այն է՝ առավելագույն գիտելիք ձեռք բերելու, անընդմեջ սովորելու, ամենօրյա աշխատանքի վրա. «Այստեղ լեզուներ եք սովորելու, ինչը հեշտ չէ: Սակայն սա չի նշանակում, որ չպետք է վայելեք ձեր ուսանողական ակտիվ կյանքը: Հակառակը, եղեք ակտիվ, մասնակցեք Ուսանողական խորհրդի միջոցառումներին, փայլեք ձեր տանղանդով: Դուք եկել եք բարձրագույն կրթություն ստանալու, իսկ այդ հարցում եղեք շատ պահանջկոտ, պահանջեք դասախոսներից, որ դասերը լինեն հագեցած, սակայն ինքներդ էլ եղեք պատասխանատու: Ուշադիր եղեք նաև իրար նկատմամբ»:

Ռեկտորը հորդորեց ուսանողներին կապ հաստատել գրադարանի հետ, սովորել ոչ թե վերջում ավարտական վկայական ստանալու, այլ իսկապես որակյալ մասնագետ դառնալու համար: Գիտելիքն է կարևոր, ոչ թե ոչ արդարացի գնահատականները. «Մաղթում եմ, որ ուրախ սրտով սկսեք ձեր ուսումնառությունը: Մենք պիտի ջանանք ապահովել ձեր որակյալ կրթությունը, իսկ դուք պիտի ընդառաջ գնաք մեզ, որովհետև երկրին պետք են որակյալ մասնագետներ, կրթված մարդիկ: Մեր պարտությունները գալիս են նաև կրթության ոլորտում եղած ձախողումներից: Բարի գալուստ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան, ձեզ բարի ընթացք և լիարժեք ուսանողական կյանք առաջիկա տարիների ընթացքում»:

 

Միջմշակութային հաղորդակցության և քաղաքագիտության ֆակուլտետի դեկանի ժ/պ Գ. Գասպարյանն իր ողջույնի խոսքում նշեց հետևյալը. «Բարի գալուստ մեր մեծ ընտանիք: Սիրելի՛ ուսանողներ, ես ուզում եմ, որ ձեր ուսանողական կյանքը լիարժեք լինի, սովորեք, ձեռք բերեք գիտելիք՝ ապրելով լիարժեք ուսանողական կյանքով»: Խոսելով ֆակուլտետի մասնագիտությունների կրթական ծրագրերից՝ Գ. Գասպարյանը ներկայացրեց յուրաքանչյուր ծրագրի առանձնահատկությունը, նրբություններն ու կարևորությունը՝ շեշտադրելով երկուստեք որակյալ վերջնարդյունքի ապահովումը ուսանողների և ֆակուլտետի կողմից: Նա ներկայացրեց դեկանատի աշխատակազմը, համապատասխան ամբիոնների վարիչներին՝ հորդորելով ուսանողներին դիմել իրենց ցանկացած հարցի դեպքում:

Լեզվաբանության և մանկավարժության ֆակուլտետի դեկանի ժ/պ Ի. Մադոյանը, ողջունելով բոլոր առաջին կուրսեցիներին, ընդգծեց. «Սիրելի՛ ուսանողներ, փորձեք ճիշտ օգտագործել ուսումնառության համար ձեզ տրված ժամանակահատվածը: Մենք այդ ժամանակը կանցկացնենք միասին՝ ունենալով նաև մի շարք դժվարություններ: Մենք այդ դժվարությունները ևս կհաղթահարենք միասին: Կրթությունը մեր ներկան է, որում մենք ուսումնասիրում ենք մեր եղած փորձը, այսինքն՝ անցյալը, որի շնորհիվ էլ ուզում ենք ստեղծել ավելի լավ ապագա: Յուրաքանչյուրս մեր տեղում պետք է կատարենք մեր պարտականությունը: Ձեր պարտականությունը կրթվելն է, իսկ մերը՝ ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները այդ կրթության լիակատար ապահովման համար»: Նա նույնպես ներկայացրեց դեկանատի աշխատակազմը, հորդորեց ուսանողներին անվարան դիմել ցանկացած հարցի դեպքում, ինչպես նաև ներկայացրեց ֆակուլտետի կազմում գործող ամբիոնները:

Հանրային հաղորդակցության և սերվիսի ֆակուլտետի դեկանի ժ/պ Լ. Սարգսյանը, դիմելով ուսանողներին, նշեց. «Սիրելի՛ ուսանողներ, շնորհավորում եմ ձեզ կյանքի կարևոր շրջափուլի մեկնարկի առթիվ, ինչպես նաև, որ սովորելու եք Հայաստանի բացառիկ բուհերից մեկում, որը բացի բարձրագույն կրթության դիպլոմից և հիմնական մասնագիտությունից, չորս տարիների ընթացքում ձեզ կտա նաև երկու օտար լեզուների տիրապետման հնարավորություն: Ուստի մեծ պահանջներ դրեք ձեր անձի առջև, որպեսզի 4 տարիների ընթացքում կարողանաք ձեռք բերել այն գիտելիքները, հմտություններն ու կարողությունները, որոնք մեր ֆակուլտետի ամբիոնների և գիտաուսումնական կենտրոնի կողմից կկազմակերպվեն ձեզ համար»: Նա հորդորեց ուսանողներին խստապահանջ լինել, որովհետև առաջիկա չորս տարիների կրթությունն է որոշելու այսօրվա ուսանողների ուղեգիծը կյանքում: Նա նույնպես ներկայացրեց ֆակուլտետի կազմում գործող ամբիոնները, ինչպես նաև դեկանատի աշխատակազմը:

Թարգմանության ֆակուլտետի դեկանի ժ/պ Բ. Մարգարյանը նույնպես ողջույնի իր ջերմ խոսքն ուղղեց առաջին կուրսեցիներին. «Հարգելի՛ ուսանողներ, ուրախ եմ, որ այսօրվանից համարվում եք մեր ուսանողները, և կրկնակի ուրախ կլինեմ, երբ հպարտությամբ ձեզ կոչեմ մեր շրջանավարտներ: Բայց շրջանավարտ դառնալու համար մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու միասին: Ես կցանկանամ, որ այդ չորս տարին այնքան արագ անցնի, որ ինքներդ էլ չզգաք: Դուք եկել եք այստեղ գիտելիք ստանալու, իսկ դրա համար պետք է աշխատեք անդադար: Լեզուն այդպիսի հատկություն ունի. պահանջում է անդադար աշխատել: Մենք կարող ենք ձեզ համար լինել ավագ ընկեր, հարազատ, բայց ամեն ինչ պետք է լինի չափի մեջ: Մենք պատրաստ ենք միշտ լսել ձեզ, ձեր գուհունակությունն ու դժգոհությունը, բայց շատ կարևոր է փոխադարձ սահմանների ճանաչումը»: Նա ուսանողներին ներկայացրեց ֆակուլտետի կազմում գործող ամբիոնները, դեկանատի աշխատակազմը և բարի երթ մաղթեց բոլորին:

 

Ուսանողական խորհրդի նախագահի ժ/պ Շ. Զաքարյանն էլ իր ջերմ ողջույնը հղեց ուսանողներին՝ խոստանալով նրանց մասնակից դարձնել ուսանողական ակտիվ կյանքին: Այնուհետև Ուսանողական խորհրդի ներկայացուցիչների ուղեկցությամբ ուսանողները շրջեցին համալսարանում, ծանոթացան վերջինիս կառուցվածքին:

Մեր համալսարանում տեղի ունեցավ առաջին կուրսեցիների ընդունելությունը