Համաժողովին ողջույնի խոսքով հանդես եկավ ԲՊՀ ռեկտոր Կարինե Հարությունյանը, ով կարևորեց հայ-նորվեգական բազմամյա բարեկամությունը, ինչպես նաև NACAR ծրագրի վերջնարդյունքները: Ռեկտորը հավելեց, որ այսօրինակ արդյունավետ համագործակցությունների շարունակականությունը կնպաստի երկու երկրների միջբուհական ծրագրերի իրականցամանը և նոր հնարավորությունների ստեղծմանը:
Կրթության որակի ապահովման նորվեգական գործակալության ղեկավար Դագ Հովդհագենը իր հերթին շնորհակալություն հայտնեց հայ գործընկերներին կայացած համագործակցության համար՝ հուսալով, որ ծրագրի շրջանակներում մշակված միջազգային ուսանողների ընդունելության լավագույն փորձի վերաբերյալ ձեռնարկը և փախստականների որակավորումների ճանաչման մեթոդաբանությունը և անձնագրերի տրամադրումը կծառայեն իրենց նպատակին:
ԱՓՇԱՏԿ-ի տնօրեն Գայանե Հարությունյանը, ով նախաձեռնել է այս ծրագիրը Կրթության որակի ապահովման նորվեգական գործակալության հետ համատեղ ջանքերով, ներկայացրեց ծրագրի հիմնական նպատակները և կատարված աշխատանքները:
Համաժողովին ելույթներով հանդես եկան ծրագրի հայ և նորվեգացի գործընկերները, ներկայացվեց Նորվեգիայի կրթական համակարգը, հայկական կրթական որակավորումների ավտոմատ ճանաչման մեխանզիմները, ծրագրի ընթացքում մշակված մեթոդաբանական ձեռնարկը, փախստականների որակավորումների ճանաչման գործընթացը և այլն:
Համաժողովին մասնակցում էին ՀՀ բուհերի 40-ից ավել ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցները: