Հուլիսի 16-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ԲՊՀ շրջանավարտների ավարտական երեկոն: Ավելի քան 800 շրջանավարտներ ստացան իրենց ավարտական դիպլոմները՝ դառնալով Բրյուսովյան մեծ ընտանիքի մասնիկներ և այսուհետ հպարտությամբ կրելով «Բրյուսովական» լինելու յուրահատուկ կոչումը:

Բացման խոսքով հանդես եկավ ԲՊՀ ռեկտոր Կարինե Հարությունյանը, ով նախ ընդգծեց, թե ինչ դժվարությունների, բայցև անխոնջ աշխատանքի արդյունքում համալսարանը (ներառյալ ուսանողներն ու ողջ աշխատակազմը) կարողացավ պատվով հաղթահարել համավարակով ու պատերազմով կրկնակի բարդացած 2020-2021 ուսումնական տարին: Կ. Հարությունյանը հորդորեց շրջանավարտներին ներդնել համալսարանում ձեռք բերած գիտելիքները ի շահ պետության, ի շահ ապագա սերունդների և պայծառ գալիքի, ինչպես նաև միշտ հիշել, որ ԲՊՀ-ն միշտ բաց է իր շրջանավարտների համար, ուր էլ նրանք լինեն, ազատորեն կարող են կապը պահպանել սիրելի համալսարանի հետ:

Համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Հակոբյանն էլ իր ելույթում նշեց, որ ուսանողները դիպլոմները ստանում են Հայաստանի համար շատ վճռորոշ ժամանակահատվածում, և որ նաև իրենցից է կախված Հայաստանի ապագան, իրենց կատարելիք գործերից ու դրսևորումներից:

Հաջորդիվ շրջանավարտներին իրենց ելույթներով ողջունեցին ԲՊՀ շրջանավարտ Արտակ Հերիքյանը, ԲՊՀ ուսանողների գծով ռեկտորի խորհրդական Մարինա Աբրահամյանը, ԲՊՀ ուսանողական խորհուրդի նախագահ Լարիսա Գևորգյանը և ԲՊՀ «Շրջանավարտի խոսքը» մրցույթի հաղթող Եվա Հարությունյանը:

Այնուհետև, ըստ ֆակուլտետների, հայտարարվեցին շրջանավարտների անունները, և նրանք մոտեցան իրենց դեկաններին՝ ստանալու ավարտական դիպլոմները:

Երեկոյի պաշտոնական այս հատվածին հաջորդեց ժամանցային հատվածը, որի ընթացքում շրջանավարտների համար կազմակերպվել էր հյուրասիրություն, իսկ երեկոյի ավարտին շրջանավարտները կտրեցին իրենց «Ավարտական տորթը»:

Բարի երթ ձեզ, սիրելի՛ շրջանավարտներ:

Տեղի ունեցավ ԲՊՀ շրջանավարտների ավարտական երեկոն