Ս. թ. հուլիսի 23-26-ը մեր համալսարանում տեղի ունեցան 2023-2024 ուսումնական տարվա բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունները՝ ըստ ֆակուլտետների:
Բոլոր օրերին միջոցառումներն անցկացվեցին նույն օրակարգով: Շնորհավորանքի խոսքով հանդես եկան ԲՊՀ ռեկտոր Դ. Գյուրջինյանը, ֆակուլտետների դեկանները, Ուսանողական խորհրդի նախագահի ժ/պ Շ. Զաքարյանը, ինչպես նաև յուրաքանչյուր ֆակուլտետից մեկ ուսանող ընթերցեց ուսանողի երդման տեքստը:
Ռեկտոր Դ. Գյուրջինյանն իր շնորհավորական խոսքում բար երթ մաղթեց ուսանողներին, բազում հաջողություններ և մասնագիտական կատարելագործում: Նա ընդգծեց բարձրագույն կրթության կարևորությունը, ինչպես նաև դրանից բխող այն մեծ պատասխանատվությունը, որն այսուհետ կրելու է յուրաքանչյուր շրջանավարտ.
«Սիրելի՛ ուսանղներ, այսօր նշանակալից օր է ձեր կյանքում և մեր համալսարանի կյանքում, որովհետև մենք հերթական հունձքն ենք տալիս: Եվ դուք մտնում եք մեծ կյանք՝ ծավալելու աշխատանքային գործունեություն, որտեղ կդրսևորվեն ձեր գիտելիքները: Տոնը հենց սա է, որ դուք ամփոփում եք ձեր 4 կամ 6 տարիների ուսումնառությունը, ստանում եք վկայական (կարմիր կամ կապույտ), դառնում եք մասնագետ, որն ունի բարձրագույն կրթության վկայական: Եվ եթե դուք զգաք, որ ինչ-որ բան պակաս է, պետք է լրացնեք դա ինքնակրթությամբ: Պետք է շարունակեք ինքնակատարելագործվել և դիմանալ ժամանակի արագ փոփոխություններին: Կարծում եմ՝ այս հանդիպման մեջ այդ պահը կարևոր է: Մենք հենց այդ ուղենիշը պետք է ունենանք: Ձեր ձեռքին Բրյուսովի դիպլոմն է: Աշխատեք բարձր պահել մեր համալսարանի անունը, որից դժգոհ հեռանալու տարբերակ չունեք: Դուք Բրյուսովական եք, այդ կոչումը տասնամյակների աշխատանքների արդյունք է, իսկ դուք պետք է համալրեք մեր բարձրորակ մասնագետների շարքը: ԲՊՀ-ն ձեր սնուցող մայրն է, ձեր Ալմա Մատերն է: Մեր նպատակն այն է, որ ձեր կրթությունը լիովին համապատասխանի բարձրագույն կրթությանը: Մաղթում եմ բոլորիդ նաև անձնական երջանկություն: Տարիներ անց դուք անպայման կհիշեք, թե ովքեր են դեր ունեցել ձեր ձևավորման մեջ, կզգաք, որ մի շարք հատկանիշների համար երախտապարտ եք ձեր մի շարք ուսուցիչների ու դասախոսների: Հիշեք դրականը, բարին, թե ինչ ջանք են թափել յուրաքանչյուրը, որ դուք դառնաք այնպիսին, ինչպիսին այսօր եք: Երախտապարտ եղեք ձեր ծնողներին: Բարի երթ եմ մաղթում բոլորիդ»: