Ս.թ. դեկտեմբերի 25-ին ԲՊՀ նիստերի փոքր դահլիճում կայացավ արդեն ավանդույթ դարձած տարեվերջյան միջոցառում՝ նվիրված Սուրբ Ծննդյան տոնին և Ամանորին: Միջոցառումը կազմակերպել էր Ֆրանսերենի և ռոմանական բանասիրության ամբիոնը՝ ի դեմս ֆրանսերենի մասնախմբի ղեկավար բ․գ․թ․, դոցենտ Ժակլին Մինասյանի։ Միջոցառումն իրենց ներկայությամբ պատվել էին ԲՊՀ ռեկտոր պարոն Դավիթ Գյուրջինյանը և պրոռեկտոր տիկին Դոնարա Ղազարյանը, որոնք ողջույնի և ամանորյա բարեմաղթանքների խոսք հղեցին բոլոր ներկաներին: Ներկա էին տարբեր ֆակուլտետների դեկաններ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ֆրանսախոս ուսանողներ և հյուրեր։

Ամանորյա միջոցառման լեզուն ֆրանսերենն էր։ Այն մեկնարկեց լեզվաբանության բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհիների տոնական ուրախ երգով։

Այնուհետև սկսվեց ինտելեկտուալ խաղ-մրցույթ, որը կազմակերպել էին թարգմանչական բաժնի երրորդ կուրսի ուսանողները։ Նրանք հետաքրքրաշարժ հարցեր էին պատրաստել Ֆրանսիայի խորհրդանշանների, ազգային ավանդույթների, պատմական տարբեր անցքերի, նշանավոր դեմքերի, հայտնի ճարտարապետական կոթողների մասին։ Մեկ բաժինն էլ նվիրված էր ֆրանսիացի ժամանակակից երգիչների կատարումներին։
Ավանդույթի համաձայն՝ ընտրվեց խստապահանջ ժյուրի՝ բ․գ․թ․ դոցենտ Վարդ Հարությունյանի նախագահությամբ։

Մրցող թիմերը կազմվել էին առաջին կուրսի ուսանողներից։ Համալսարանում ձեռք բերված գիտելիքների շնորհիվ՝ թիմերը բավական թեժ պայքար մղեցին առաջին տեղի համար։ Մրցույթի արդյունքները հայտարարելուց հետո՝ ժյուրիի նախագահն ուսանողներին հանձնեց «AMOPA» ֆրանսիական կազմակերպության հատկացրած ֆրանսալեզու գեղարվեստական գրքեր և այլ ամանորյա նվերներ։

Միջոցառման ավարտին հնչեցին Նոր տարվան նվիրված երգեր։ Դրանք թևածեցին ամբողջ դահլիճով, երբ հրավիրվածներն ուրախ ձայնակցեցին երգողներին։

Տոնական ուրախ ցերեկույթը եզրափակվեց գիտական ամփոփ հաշվետվությամբ։ Բ․գ․թ․, դոցենտ Մելանյա Ղազարյանը հայտարարեց Ֆրանկոֆոնիայի օրերին կազմակերպված միջազգային գիտաժողովի նյութերի տպագրության մասին։ Ժողովածուի տպագրությունը հովանավորել էր AUF ֆրանկոֆոն համալսարանական գործակալությունը, ի դեմս՝ Հայաստանի գրասենյակի ղեկավար տիկին Ռուզաննա Ղալթաղչյանի, որի հետ ամբիոնը երկար տարիների սերտ համագործակցության փորձառություն ունի։

Եվ ի՜նչ ամանորյա միջոցառում առանց տոնական հյուրասիրության։ Միջոցառման վերջում ներկաներն օգտվեցին տոնական համեղ ուտեստներից՝ միմյանց ամանորյա ջերմ մաղթանքներ հղելով։

Սուրբ Ծննդյան տոնական միջոցառում. Ֆրանսերենի և ռոմանական բանասիրության ամբիոն