Ս. թ. մայիսի 24-ին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի բակում տոնական և ուրախ մթնոլորտը էր. համալսարանում նշվում էր «Սլավոնական գրերի և մշակույթի» օրը:
«Սլավոնական գրերի և մշակույթի» տոնը նվիրված է սլավոնական գրերի ստեղծողներ Սուրբ Կյուրեղին և Մեթոդիոսին (9-րդ դար): Նշենք, որ մեր օրերում՝ այս բարդ ժամանակներում, տոնական միջոցառումը հատկապես նշանակալի էր, քանի որ ոչինչ այնքան չի միավորում լեզուներն ու ժողովուրդներին, որքան ընդհանուր փառավոր անցյալն ու համատեղ ժողովրդական պարերն ու խաղերը:
Ռուսական, լեհական և բուլղարական դրոշներով և տարատեսակ քաղցրավենիքով վառ զարդարված սեղանների մոտ հավաքվել էին պաշտոնատար անձինք և հյուրեր, համալսարանի ռուսաց լեզվի, լեհերենի և բուլղարերենի դասախոսներ, բուհի ուսանողներ և Արմավիրի մարզի միջնակարգ դպրոցների աշակերտներ:
Տոնը սկսվեց Ս. Կյուրեղին և Մեթոդիոսին նվիրված օրհներգով: Այնուհետև ներկաներին ողջունեցին ԲՊՀ-ի ռեկտորի պաշտոնակատար Դ. Գյուրջինյանը, Երևանում Ռուսական տան ներկայացուցիչ Տ. Դրոնսկայան, Ռուսաց և սլավոնական լեզուների ամբիոնի վարիչ Ա. Վարդանյանը:
Դ. Գյուրջինյանը կարևորեց գրերի ստեղծման նշանակությունը ցանկացած ժողովրդի պատմության համար՝ մասնավորապես ընդգծելով սլավոնական և հայ գրերը, ողջունեց տոնի կազմակերպիչներին ու մասնակիցներին՝ մաղթելով բարի ընթացք: Նա հատուկ շեշտեց ռուսաց լեզվի իմացության կարևորությունը մեր ուսանողների և հանրության շրջանում՝ հիմքում կարևորելով ռուսերենով ստեղծված համաշխարհային և համամարդկային հարուստ գրականությունը:
Երևանում Ռուսական տան ներկայացուցիչները ողջունեցին ներկաներին և համալսարանին նվիրեցին ռուսական մտածելակերպին վերաբերող հրաշալի հանրագիտարանային հրատարակություն:
Ռուսաց և սլավոնական լեզուների ամբիոնի վարիչ Ա. Վարդանյանն իր խոսքում առանձնահատուկ կարևորեց միջոցառման կազմակերպման գործում Ա.Ս. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի «Ռուսաց լեզվի մագիստրոսներ» մրցույթի հաղթողներին՝ Լ. Լուչինինային (Է. Կանտի Բալթյան դաշնային համալսարանի մագիստրոս, ք. Կալինինգրադ) և Վ. Ուսովային (Ն.Ա. Նեկրասովի անվան Նիժնի Նովգորոդի պետական լեզվաբանական համալսարանի ասպիրանտ, ք. Նիժնի Նովգորոդ), որոնք այս միջոցառումով եզրափակում են իրենց պրակտիկան ԲՊՀ-ում: