Նոյեմբերի 17-ը միջազգայնորեն նշվում է որպես Ուսանողների միջազգային օր: 1946թ. նոյեմբերի 17-ին Պրահայում կայացած Ուսանողների համաշխարհային կոնգրեսի կողմից oրվա հռչակումը պատմականորեն կապված է մեկ հազարից ավելի ուսանողների ազատ ապրելու ցանկության հետ:

ԲՊՀ-ի սիրելի՛ ուսանողներ, ի դեմս ձեզ, շնորհավորում ենք բոլոր ուսանողներին,

թո՛ղ ուսման ձգտումը ուղեկցի ձեզ ոչ միայն ուսանողական տարիների ընթացքում, այլև ձեր կյանքի հետագա փուլերում: Հիշեք, որ գիտելիքն է այն միակ սեփականությունը, որը ձեզնից ոչ ոք խլել չի կարող: Իսկ գիտելիքի ձեռքբերման լավագույն հնարավորությունը ստեղծվում է հենց ուսանողության տարիներին:

Կայացած, գիտակից և պատասխանատու ուսանողն է ցանկացած պետության ապագայի երաշխավորը: 

Արժևորե՛ք ուսանողի ձեր կարգավիճակը, ստացե՛ք առավելագույնը և ձգտե՛ք առաջընթացի:

 

 

 

1939 թվականի հոկտեմբերի 28-ին՝ ֆաշիստների կողմից գրավված Չեխոսլովակիայում, ուսանողները և դասախոսները դուրս են գալիս փողոց, որպեսզի նշեն Չեխոսլովակիայի պետության կազմավորման (1918-ի հոկտեմբերի 28) տարեդարձը։ Սակայն խաղաղ ցույցը ցրվում է զավթիչների կողմից։ Այդ իրադարձությունների ժամանակ գնդակահարվում է բժշկական ֆակուլտետի ուսանող Յան Օպլետալը (Jan Opletal), ում հուղարկավորությունը վերածվում է բողոքի ակցիայի, ձերբակալվում են տասնյակ ուսանողներ։

Նոյեմբերի 17-ի վաղ առավոտյան գեստապոյականներն ու էսէսականները շրջապատում են ուսանողական հանրակացարանները։ Շուրջ 1200 ուսանող ձերբակալվում և ուղարկվում է Զաքսենհաուզենի համակենտրոնացման ճամբար: Տասնյակ ուսանողներ ու շարժման ակտիվիստներ բանտի պատերից ներս՝ առանց դատի ենթակվում են մահապատժի։ Հիտլերի հրամանով չեխական բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունները փակվում են մինչև պատերազմի ավարտը։

Երկու տարի անց Լոնդոնում տեղի է ունենում ֆաշիզմի դեմ պայքարող ուսանողների միջազգային հանդիպում, որի ժամանակ որոշվում է ի հիշատակ նահատակ հայրենասեր ուսանողների նոյեմբերի 17-ը ամեն տարի նշել որպես ուսանողի օր:

Շնորհավոր ուսանողների միջազգային օրը