Ուսանողների միջազգային  օրվա կապակցությամբ և ԲՊՀ ուսանողների գլխավորությամբ ջերմորեն ու մեծ հպարտությամբ շնորհավորում ենք բոլոր ուսանողներին: Ցանկացած հասարակության համար հպարտության և կայուն ապագայի երաշխավորները հենց տվյալ սերնդի ուսանողներն են: Նրանք են, որ պիտի դառնան վաղվա լավագույն մասնագետները՝ ամեն մեկն իր ոլորտում ու գործունեության շրջանակներում: Նրանք են, որ պետք է ուղենիշ լինեն պետականության պահպանման ու երկրի ծաղկման անձնվեր գործերում:

Մերօրյա այս ծանրագույն օրերին վերստին համոզվում ենք, որ գալիքի պայծառ լույսը հենց ձեր ձեռքերում է, մեր սիրելի՛ ուսանողներ:

Ստորև ներկայացնում ենք Ուսանողների միջազգային օրվան վերագրվող պատմական տեղեկատվությունը:

Ուսանողների միջազգային օրը ամեն տարի նշվում է նոյեմբերի 17-ին։

Տոնի պատմությունը սկիզբ է առել Չեխոսլովակիայում: 1939 թվականի հոկտեմբերի 28-ին՝ ֆաշիստների կողմից գրավված Չեխոսլովակիայում, ուսանողները և դասախոսները դուրս են գալիս փողոց, որպեսզի նշեն Չեխոսլովակիայի պետության կազմավորման (1918-ի հոկտեմբերի 28) տարեդարձը։ Սակայն խաղաղ ցույցը ցրվում է զավթիչների կողմից։ Այդ իրադարձությունների ժամանակ գնդակահարվում է բժշկական ֆակուլտետի ուսանող Յան Օպլետալը (Jan Opletal), ում հուղարկավորությունը վերածվում է բողոքի ակցիայի, ձերբակալվում են տասնյակ ուսանողներ։

Նոյեմբերի 17-ի վաղ առավոտյան գեստապոյականներն ու էսէսականները շրջապատում են ուսանողական հանրակացարանները։ Շուրջ 1200 ուսանող ձերբակալվում և ուղարկվում է Զաքսենհաուզենի համակենտրոնացման ճամբար: Տասնյակ ուսանողներ ու շարժման ակտիվիստներ բանտի պատերից ներս՝ առանց դատի ենթակվում են մահապատժի։ Հիտլերի հրամանով չեխական բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունները փակվում են մինչև պատերազմի ավարտը։ Երկու տարի անց՝ Լոնդոնում, տեղի է ունենում ֆաշիզմի դեմ պայքարող ուսանողների միջազգային հանդիպում, որի ժամանակ որոշվում է ի հիշատակ նահատակ հայրենասեր ուսանողների նոյեմբերի 17-ը ամեն տարի նշել որպես ուսանողի օր։

1946 թվականի նոյեմբերի 17-ին Պրահայում ընթացող Ուսանողների համաշխարհային կոնգրեսը այդ օրը հռչակում է Ուսանողության միջազգային օր։

Շնորհավոր ձեր տոնը, սիրելի՛ ուսանողներ