Սիրելի՛ շրջանավարտներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ համալսարանն ավարտելու կապակցությամբ: Ինչ խոսք, տխուր է հրաժեշտի պահը, որովհետև համալսարանում անցկացրած ձեր յուրաքանչյուր օրն ունի իր պատմությունն ու հիշողությունները, որովհետև ուսումնառության տարիներին դուք ոչ միայն հարստացրել եք ձեր մասնագիտական գիտելիքներն ու կարողությունները, այլև դարձել եք բրյուսովյան ջերմ և մեծ ընտանիքի անդամ:

Դուք ավարտեցիք հարուստ պատմություն և ավանդույթներ ունեցող Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը, և այդ ավանդույթների ու արժեքների կրողն եք դարձել: Մեր համալսարանը ձեր դասախոսների ներդրած ավանդի ու նվիրումի շնորհիվ մշտապես եղել է քաղաքացի, գիտնական և մասնագետ կերտող կառույց, բազում սերունդների հաջողության ճանապարհի մեկնարկային կետը: Համոզված եմ, որ դուք ևս կյանք եք մտնում կայուն գիտելիքներով և կարողություններով, ուստի հավատացած եմ, որ դուք բարձր եք պահելու Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի պատիվը:

Կրկին ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ համալսարանն ավարտելու կապակցությամբ: Մաղթում եմ հաջողություններ անձնական կյանքում, արդյունավետ աշխատանք ու այդ աշխատանքը սիրելու երջանկություն: Այն, ինչ ամբարել եք ուսման տարիների ընթացքում, ձեր հաջողության գրավականներից է:

Ցանկանում եմ ձեզ հաստատակամություն և աննկունություն, որպեսզի համալսարանում ստացած գիտելիքների, ձեռք բերած հմտությունների և կարողությունների շնորհիվ կարողանաք կերտել ձեր ուրույն ուղին:

Համալսարանի ավարտը նշանավորում է նաև նորի սկիզբը: Բարի երթ ու կանաչ ճանապարհ ձեր կյանքի նոր փուլում, սիրելի՛ շրջանավարտներ: Դուք մեծ կյանք եք մտնում համալսարանի ողջ անձնակազմի լավագույն բարեմաղթանքներով:

Թող հավերժական լինի համալսարանի երթը պատմության հոլովույթում, նորանոր սերունդներ կրթվեն նրա տված գիտության լույսով ու դառնան մեր երկրի և ժողովրդի պայծառ ապագայի կերտողները:

Ռեկտոր Կ. Հարությունյանի շնորհավորական ուղերձը՝ ԲՊՀ շրջանավարտներին