Ես ֆրանսիական և ֆրանկոֆոն քաղաքակրթության, նաև լեզվի ապագա մանագետ եմ, և ինձ համար անչափ նպատակային էր մասնագիտական պրակտիկաս անցնել հենց միջմշակութային հաղորդակցման ոլորտում և հենց իմ մասնագիտական երկրում՝ գիտելիքներս դարձնելով ավելի վիզուալ ու գործնական, իսկ ֆրանսերենը՝ հաղորդակցման առօրյա լեզու։ Միջազգային պրակտիկաս իրականացրել եմ միջերկրածովյան չքնաղ Մարսել քաղաքի «La JAF, Marseille» ասոցիացիայում։ Մարսելը Ֆրանսիայում մշակութային, ազգային, լեզվական ու պատմական առումով ամենաբազմաշերտ ու ամենահին կենտրոններից է, երևի թե դա էր պատճառը, որ հրաշալի ստացվեցին միջմշակութային հարաբերություններ ստեղծելու փորձերս։ Մարսելն ինձ համար ուներ երևանյան շունչ, ես ինձ կարծես տանը զգայի։ Մարսելն այն քաղաքն է, ուր տիրում են Ֆրանսիան և Արևելքը միաժամանակ, ուր մարդիկ այնքան հյուրընկալ են, ջերմ, օգնող, սիրալիր ու անմիջական, ուր ամեն քայլափոխի, ժպիտը դեմքին, ծանոթ-անծանոթ ողջունում են միմյանց ու լավ օր մաղթում, ուր անպատճառ ներողություն են խնդրում իրարից։ Մարսելն այն քաղաքն է, ուր համատարած Տ-ի փոխարեն արտաբերում են Չ, ուր կան լեզվական տեսակետից մարսելյան սեփական կանոններ, որոնք խիստ տարբերվում են դասական ֆրանսերենից, և ուր տիրում են օդում ստեղծված մարսելյան փոքրիկ օրենքներ տեղացիների համար։ Ես եղա նաև Փարիզում, որը ինձ համար մեծագույն երազանք էր դարձել, հայտնվեցի ամենամշակութային մայրաքաղաքում, որ կարծես թանգարան լիներ բաց երկնքի տակ։
Ճիշտ է, սա իմ առաջին միայնակ ճամփորդությունը չէր, սակայն ժամանակային առումով ամենաերկարն էր իմ բոլոր ճամփորդությունների ցանկում։ Այն ինձ օգնեց լինել ավելի ինքնուրույն, համբերատար, ճկուն, ավելի ինքնավստահ, պայքարող, հարմարվող, ես դարձա ավելի բաց՝ հասարակության հանդեպ, ինձ դուր էր գալիս հաղորդակցվելը տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ, նրանց հետ ժամանակ անցկացնելը, նրանց հետ միասին ու նրանց օգնությամբ Ֆրանսիան բացահայտելը, որն ամենևին էլ ֆիլմերի կամ գրքերի Ֆրանսիան չէ։
Սիրելի՛ բրյուսովականներ, խորհուրդս է՝ երբեք չհանձնվել, անմնացորդ սիրել ու նվիրվել ձեր մասնագիտությանը, պայքարել հանուն ձեր երազանքների կատարմանը ու պատրաստվել մասնագիտական մեծ թռիչքների։ Ձեր ապագան միայն ձեր ձեռքերում է, վայելեք այդ ընթացքը և հավատացեք, որ լավագույն պահերը դեռ առջևում են։ Բարի թռիչք բոլորիդ։