Նոյեմբերի 13-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում մեկնարկեց «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության «Երիտասարդների զարգացում» եռամյա ծրագրի շրջանակներում կազմակերպվող «Բիզնես հմտություններ» եռօրյա դասընթացը։

Ծրագիրը իրականացնում է «Այ Էյ Բի» բիզնեսի միջազգային ակադեմիան՝ ԵՊԼՀ կարիերայի կենտրոնի աջակցությամբ։

«Կոկա կոլա» ընկերությանը պատկանող այս ծրագիրն իրականացվում է ամբողջ աշխարհում։ Հայաստանում ծրագիրն առաջին տարին է, որ ներկայացվում  է։ Ծրագրի միակ իրականացնողը Հայաստանում «Այ Էյ Բի» բիզնեսի միջազգային ակադեմիան է, որն այն իրականացնելու է մինչև 2020 թվականը։

«Ծրագիրն իր մեջ վերապատրաստման 2 խոշոր մոդուլներ է ընդգրկում․ մեկը՝ «Կյանքի հմտություններ» մոդուլն է, որը սովորեցնում է՝ ինչպես ճիշտ հաղորդակցվել, CV կամ ուղեկցող նամակ գրել, գործատուի հետ հարցազրույցի  մասնակցել։ Երկրորդ խոշոր մոդուլը «Բիզնես գիտություններ»-ն է՝ այն երիտասարդների համար, որոնք ունեն բիզնես գաղափարներ։ Նրանք կսովորեն՝ ինչպես նախագծեր կառավարել, բանակցել, վաճառքի հմտություններին տիրապետել, բիզնես պլան գրել, ֆինանսերը կառավարել։ Սա իրենից ավելի ավելի խոր գիտելիքներ է ենթադրում։ Թիրախավորված են 18-ից 30 տարեկան երիտասարդները։ Ծրագիրը բուհերի կարիերայի կենտրոնների աջակցությամբ է արվում, ինչպես նաև ազատ գրանցում կա այն բոլոր երիտասարդների համար, որոնք այս պահին բուհերում չեն սովորում։ Մեծ շեշտադրում է դրված հատկապես մարզերի երիտասարդների վրա, որոնց հետ ծրագիրն իրականացվել է ողջ ամառվա ընթացքում»,- նշեց «Այ Էյ Բի» բիզնեսի միջազգային ակադեմիայի մարդկային ռեսուրսների կառավարման կենտրոնի ղեկավար Թամարա Հովհաննիսյանը։