Լուսինե Խուրշուդյանի «Իմ Էրազմուս պատմությունը»

ԲՊՀ արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչությունը շարունակում է իր «Հաջողության պատմություններ» շարքը, որի միջոցով ընթերցողները ծանոթանում են այն հաջողակ ուսանողների և դասախոսների պատմություններին, որոնց Էրազմուս+ ծրագիրը հնարավորություն է տվել ուսանել և դասավանդել արտասահմանում։ Նրանցից շատերն էլ ստիպված են եղել արտասահմանում անցկացնել համավարակի բարդ ժամանակահատվածը։ Իսկ թե ինչ հնարավորություններ է այն ընձեռել մեր հերթական մասնակից Լուսինե Խուրշուդյանին և ինչ փորձությունների միջով է նա անցել, կկարդաք նրա հետաքրքրաշարժ «Իմ Էրազմուս պատմությունը» հոդվածում։

«Մարտահրավերների շնորհիվ ենք մենք զարգանում, դառնում ավելի լավը ու ավելի լավ ճանաչում ինքներս մեզ: Բոլորից հեռու ապրելով ենք մենք հասկանում՝ ինչպիսին ենք մենք իրականում, երբ մեզ ոչ ոք չի նայում»:

Լուսինե Խուրշուդյան

Ես Լուսինե Խուրշուդյանն եմ: Սովորում եմ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի 3-րդ կուրսում: Բազմիցս լսել էի Էրազմուս պատմություններ, ունեի ընկերներ, որ արդեն հնարավորություն էին ունեցել կրթություն ստանալ տարբեր երկրներում, ու ես էլ մի քանի անգամ դիմել էի ծրագրին, քանի որ մեծ ակնկալիքներ ունեի. ցանկանում էի էությամբ ավելի հարմարվող դառնալ նոր միջավայրերին ու տարբեր մշակույթներ ունեցող մարդկանց, ինքս ինձ մարտահրավեր նետել՝ ապրելով այն հարմարավետ պայմաններից դուրս, որ ունեի Հայաստանում: Ակնկալիքներ ունեի զարգացնել անգլերենիս մակարդակը և իհարկե բացահայտել նոր երկրներ՝ իրենց պատմամշակութային կոթողներով, բնությամբ, թանգարաններով: Դիմել էի ու ցավոք չէի ընտրվել, ինչից հետո թևաթափ էի եղել ու որոշել էի էլ երբեք չփորձել: Բայց հետո տեսա հայտարարություն, որ Ռումինիայում Պիտեշտի համալսարանը հայտ է բացել: Իմ որոշումը, ինչպես նաև ընտրվելը տեղի ունեցան շատ արագ, ընդամենը մի քանի օրում:

Այժմ Պիտեշտում եմ: Ռումինիա ոտք դնելուս հենց առաջին օրվանից արկածների ու նոր փորձությունների մեջ եմ ընկնում: Հենց ինքնաթիռի մեջ հանդիպեցի երիտասարդ ու հմայիչ մի տղայի, որի հետ զրուցելով Կիևից հասանք Բուխարեստ: Շփումը շատ հետաքրքիր ընթացք էր ստանում և կստանար, եթե ես վայրէջքից հետո չշտապեի գնացքիս հասնել ու արագ վազքիս մեջ չմոռանայի փոխանակվել որևէ կոնտակտով: Այդպես կորցրի Պետրուին, որն էլ իր հերթին գիտեր իմ անունը, բայց իրար էդպես էլ չգտանք:

Հասա Պիտեշտ 39+ ջերմությամբ ու թուլությամբ, միակ բանը, որ հիշում եմ, սենյակ հասնելս էր: Պարզվեց, որ սենյակը պետք է կիսեին ադրբեջանցի աղջկա հետ: Մշակութային շոկ չապրեցի, որովհետև պատկերացնում էի, որ էսպիսի ծրագրերին մասնակցելիս պետք է բաց ու լայն մտահորիզոնով լինել: Պիտեշտ ժամանելուց 2 շաբաթ հետո ողջ երկրում արտակարգ դրություն հայտարարվեց ու միակ բանը, որ մենք կարող էինք անել, նույն սենյակում միասին ապրելն էր: Մի բան մեզ խանգարում էր լիարժեք շփվելու համար. գուցե ազգային պատկանելությունն էր, կամ էլ մարդկային տեսակների խիստ տարբերությունը: Մենք ապրում էինք նույն սենյակում, բայց չէինք շփվում ընդհանրապես: Այդ ժամանակահատվածում ես դարձա ավելի համբերատար ու ավելի հավասարակշռված մարդ, քանի որ նկատում էի շատ բաներ, որ ինձ դուր չէին գալիս, բայց համբերատար էի ու լուռ: Անցավ ևս երկու ամիս, և մենք սկսեցինք շփվել, խոսել տարբեր թեմաներից ու նույնիսկ կատակել: Այդ ժամանակ ես հասկացա, որ մեր կյանքում յուրաքանչյուր հարց ստանում է իր ճիշտ լուծումը, երբ համբերում ենք, կտրուկ ու սուր արձագանք չենք տալիս հարցին, երբ չենք շտապում մեր որոշումներում ու քայլերում:

Ես բնության ու սարերի մարդ եմ: Ժամերով կարող եմ նստել սարերում, անտառում, բնության մեջ ու չհագենալ այդպես էլ: Մեզ արգելել էին դուրս գալ քաղաքից, քանի որ Կորոնավիրուսով վարակվելու վտանգ կար, ու էդպես իմ օրերը անց էի կացնում մեր հանրակացարանի դիմացի այգում, որտեղ էլ փորձում էի կարոտս առնել բնությունից:

Երբ ընդամենը մեկ ամիս էր մնացել իմ ծրագրի ավարտին, ես ծանոթացա ռումինացի մի տղայի հետ, որը դարձավ Պիտեշտում իմ ճամփորդության գլխավոր հովանավորը ու, բնականաբար, իմ լավ ընկերը: Իր օգնությամբ բացահայտեցի Պիտեշտի բոլոր անկյունները ու կարևորը՝ ձեռք բերեցի մի ընկեր, որ հոգեհարազատ է ու պատարստ է աջակցել յուրաքանչյուր պահի:

Հիմա լինելով արտեկրում ու այս իրավիճակում՝ հասկանում եմ, որ մարդը կարող է ադապտացվել յուրաքանչյուր իրավիճակի, կարող է հարմարվել ապրելու նոր կանոններին: Կարող է դասեր քաղել կողքինի սխալներից՝ ձեռք բերելով պատասխանատվություն ոչ միայն իր անձի, այլև կողքինների հանդեպ: Այս ժամանակաշրջանում արտերկրում գտնվելը բնականաբար բարդ է հոգեբանական տեսնակյունից, բայց այն լավագույն տարբերակներից է ավելի ինքնուրույն ու հասուն դառնալու: Ես հավատացնում եմ, որ նախորդ տարիների մասնակիցների համեմատությամբ ոչ պակաս լավ ամիսներ եմ ունեցել այստեղ՝ հաշվի առնելով այն դասերը, որ սովորեցրեց ինձ այս նոր իրականությունը: Այսօր ես ավելի լավն եմ, քան երեկ էի: Իսկ ապագա մասնակիցներին ցանկանում եմ ասել՝ փորձեք լավը գտնել յուրաքանչյուր վատ իրավիճակի մեջ, երբեք մի վախեցեք մեծ փոփոխություններից ու մարտահրավեր նետեք ինքներդ ձեզ:

Լուսինե Խուրշուդյանի «Իմ Էրազմուս պատմությունը»