Լեզվաբանության և մանկավարժության ֆակուլտետի առաջին կուրսեցիները ս. թ. սեպտեմբերի 1-ին այցելեցին համալսարան, որտեղ նրանց ջերմորեն ողջունեցին ռեկտորի ժ/պ Դ. Գյուրջինյանը, ֆակուլտետի դեկան Դ. Ղազարյանը, Ուսանողական խորհրդի նախագահ Հ. Յայլոյանը:

Հ. Յայլոյանը կանաչ ճանապարհ մաղթեց ուսանողներին, ինչպես նաև հորդորեց լինել ուսանողական կյանքի ակտիվ մասնակից, լինել ստեղծագործ և նախաձեռնող. «Մեր համալսարանը տարիներ ի վեր թողարկում է  լավագույն մասնագետներ, ուրախ եմ, որ դուք էլ համալրում եք բրյուսովականների շարքը: Մենք ձեզ խոստանում ենք նաև ակտիվ ուսանողական կյանք և մաղթում ամենալավն ու բարին»:

Դ. Գյուրջինյանը շնորհավորեց ներկաներին համապետական տոնի կապակցությամբ և ընդգծեց, որ դահլիճում նստածները բրյուսովյան ավանդույթների գլխավոր շարունակողները պիտի լինեն. «Հիմա մանրամասնեմ, թե ինչու: Մեր համալսարանը շատ տասնամյակներ առաջ կոչվում էր «Ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտ», այսինքն՝ այստեղ պատրաստում էին օտար լեզուների ուսուցիչներ: Մանկավարժներ պատրաստելու ավանդույթը պահպանվել է տարբեր անուններով Բրյուսովի համալսարանի հանդես գալու ժամանակ: Դուք սովորելու եք Լեզվաբանության և մանկավարժության ֆակուլտետում: Մեր համալսարանում կան բազմաթիվ լեզուներ՝ եվրոպական և արևելյան, և դուք ընտրության մեծ հնարավորություն ունեք: Շատ կարևոր է նաև, որ համալսարանից զատ դուք ինքնակրթվեք, տանը աշխատեք: Սա բարձրագույն դպրոց է, որտեղ ամենօրյա աշխատանք է պահանջվում: Մանկավարժի մասնագիտություն ընտրողները շատ կարևոր որոշում են կատարել: Պետք է հետևողական լինեք ձեր որոշմանը: Ցանկանում եմ, որ բրյուսովականի կրթվածության լավագույն օրինակը դառնաք: Խաղաղ ընթացք բոլորիդ»:

Դեկան Դ. Ղազարյանն իր ելույթում ողջունեց բոլոր առաջին կուրսեցիներին. «Ես վստահ եմ, որ դուք կապվելու եք մեր համալսարանին, և պիտի խնդրեմ բարձր պահել համալսարանի պատիվը, որը լինելու է ձեր լավ սովորելով: Ուսանողը պետք է լինի ուսանող իր սովորելով, իր բարեվարքութամբ և առաջադիմությամբ: Ես ուզում  եմ, որ դուք ճանաչեք նաև ձեր ռեկտորին, ով Հանրապետության լավագույն լեզվաբաններից է, ձեր դասագրքերի հեղինակներից, և եթե համալսարանի ռեկտորը նման անբասիր ակադեմիական կենսագրություն ունի, ապա ուսանողները իրավունք չունեն այլ կեցվածք ցուցաբերելու: Սա կարող եք իբրև նախաբան ընդունել: Մեր առաքելությունն է տալ ձեզ այն գիտելիքը, կարողություններն ու հմտությունները, որոնք ձեզ թույլ կտան մտնել հետագա մասնագիտական դաշտ և կիրառել այդ ամենը: Մենք նախանձախնդիր ենք մեր առաքելության մեջ և ուզում ենք, որ մեր ուսանողները միշտ առաջինը լինեն: Երբ ավարտելուց հետո դուք մտնում եք մասնագիտական դաշտ և ձեր գիտելիքներով հիացնում ձեր գործատուին, դրանով լավագույնս բարձրացնում ենք ձեր համալսարանի պատիվը»:

Հաջորդիվ Ուսանողական խորհրդի կամավորների ուղեկցությամբ առաջին կուրսեցիները շրջեցին համալսարանում և ծանոթացան տարբեր ստորաբաժանումներին:

Լեզվաբանության և մանկավարժության ֆակուլտետի առաջին կուրսեցիներն այցելեցին համալսարան