2024թ. սեպտեմբերի 26-ին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը նշեց Լեզուների Եվրոպական օրը: Երկու տասնյակից ավել լեզուներ և մշակույթներ համատեղվել էին համալսարանի բակում: Միջոցառմանն իրենց մասնակցությունն ունեցան ԲՊՀ ռեկտոր պրն. Դ. Գյուրջինյանը, պրոռեկտորներ տկն. Դ. Ղազարյանը և պրն. Գ. Հակոբյանը, լեզվական ամբիոնների վարիչները, Եվրոպայի Խորհրդի Ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնում ՀՀ ներկայացուցիչ՝ անգլերենի ամբիոնի վարիչի ժ/պ Գ. Եղիազարյանը, բուհի ուսանողներ, դասախոսներ: Ամբիոնների ներկայացուցիչները ներկայացրեցին համալսարանի գործունեության, ծրագրերի և առաջարկվող դասընթացների մասին տեղեկություններ՝ շեշտադրելով այն փաստը, որ այսօր լեզուների իմացությունը թե՛ կրթական ու մասնագիտական առավելություն է, և թե՛ անձի զարգացման, նրա մտավոր ու նյութական կեցության բարելավման անվիճելի գրավական:
Հայաստանի Հանրապետության շուրջ 60 դպրոցների աշակերտներ և ուսուցիչներ մասնակցեցին Լեզուների Եվրոպական օրվան նվիրված միջոցառմանը՝ մեկ անգամ ևս համոզվելով, որ մայրենի և օտար լեզուների իմացությունը հնարավորություն է ընձեռում ոչ միայն արժևորել սեփական ինքնությունը, այլև կարևորել համամարդկային արժեքները, ինչը անժխտելի երաշխիք է ժողովրդավար և խաղաղ հասարակության կայացման և զարգացման համար:
Բազմալեզու կրթության իր հնարավորություններով Բրյուսովի պետական համալսարանը միշտ եղել է և կա այս կարևոր առաքելությունների հանձնառուն և իրականացնողը: