1918 թվականի մայիսի 28-ին Թիֆլիսում Անդրկովկասյան Ժողովրդավարական Դաշնային Հանրապետության փլուզումից հետո Հայկական ազգային խորհրդի կողմից հռչակվեց Հայկական կամ Հայաստանի Հանրապետությունը: Հայ ժողովրդի կողմից անկախ պետականությունը վերականգնելու դարավոր երազանքն ի կատար ածվեց հենց մայիսի 28-ին՝ դառնալով հայոց պետականության վերածննդի խորհրդանիշը։ Առաջին Հանրապետության պատմական նշանակությունը անգնահատելի է:

Թուրքական բանակի դեմ տարած մայիսյան հաղթանակները Սարդարապատում, Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում փրկեցին Արևելյան Հայաստանի վերջին հողակտորները և դրանց վրա ապրող հայությանը, և մեր ժողովուրդը մեծագույն ճիգով վերականգնեց Հայոց անկախ պետականությունը՝ հռչակելով Հայաստանի առաջին հանրապետության ծնունդը:

Հայոց պետականությունը վերականգնվեց միջազգային բարդագույն իրադրության պայմաններում, երբ դեռ չէր ավարտվել Առաջին համաշխարհային պատերազմը, որի ճակատներից էր նաև բուն Հայաստանը։ 

Հայաստանի առաջին հանրապետության հիմքի վրա հետագայում ձևավորվեցին այն նախադրյալները, որոնք 1991-ին բերեցին նոր անկախության ու նոր հաղթանակների:

Անկախ Հայաստանի առաջին վարչապետ դարձավ Հովհաննես Քաջազնունին: Առաջին հանրապետության գոյությունը, սակայն, երկար չտևեց՝ 1920 թվականի դեկտեմբերի 2-ին ստորագրված համաձայնագրով Հայաստանը դարձավ խորհրդային սոցիալիստական հանրապետություն։

Կեցցե՛ Մայիսի 28-ը՝ Հայոց պետականության վերականգնման օրը:

Կեցցե՛ համայն հայ ժողովուրդը:

Կեցցե՛ Մայիսի 28-ը՝ Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման օրը