ԱՄՆ դեսպանատան հետ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը հանրահայտ Ֆուլբրայթ փոխանակման ծրագրի համատեքստում համագործակցության մեծ ավանդություն ունի։ Տարիներ շարունակ Անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոնը ծրագրի շրջանակներում հյուրընկալել է լեզվակիր բազմաթիվ մասնագետների, որոնք համագործակցել են ամբիոնի դասախոսների հետ՝ դասավանդելով ԲՊՀ-ի ուսանողներին։

2021-2022 ուսումնական տարվա ընթացքում համալսարանը հյուրընկալեց Կալիֆորնիայի Սանտա Կլարա համալսարանի շրջանավարտ, անգլերենի դասավանդման երիտասարդ մասնագետ Ռայան Նազարիին։ Այս երկկողմ համագործակցությունը կարևոր էր ոչ միայն համալսարանի տարբեր ֆակուլտետների և բաժինների ուսանողների, այլ նաև դասախոսների և հատկապես իր` Ռայանի համար, ով սկսեց սովորել հայերեն, ինչպես նաև հարստացրեց մանկավարժության ու դասավանդման իր փորձը։

Վերջերս Ռայանի հետ զրուցել ենք Հայաստանում անցկացրած իր մեկ տարվա, ձեռքբերումների, ինչու ոչ՝ վախերի ու հաջորդ քայլերի մասին։

Պատկերացրեք 2021 թվականն է և Դուք պատրաստվում եք հանդիպել այն Ռայանին, ով դեռ չի եկել Հայաստան։ Ի՞նչ կասեիք նրան:

Հիշում եմ, երբ նոր էի ավարտել համալսարանը ես կանգնած էի աշխատանք գտնելու ճակատագրական խնդրի առաջ, շատ քիչ էի հնարավորություն ունենում սովորել համալսարանից դուրս։ Ինձ թվում էր, թե աշխարհը սահմանափակ է և կայուն։

Բայց Հայաստանում հասկացա, որ համալսարանն ավարտելը ոչ թե ամեն ինչի վերջն է, այլ՝ մի նոր սկիզբ։ Բացահայտեցի ինձ համար անգլերեն խոսելու նոր ձևեր, ընկերեներ՝ աշխարհի տարբեր անկյուններից, արժեքներ և մշակույթներ։ Եթե ես այս մտածելակերպն ավելի շուտ ունենայի, կարծում եմ, ավելի շատ կճանապարհորդեի և կդասավանդեի ու ավելի ինքնավստահ կլինեի ձախողումների և հիասթափությունների հանդիպելիս։

Մենք բոլորս էլ կյանքում աճելու մեր ժամանակն ունենք։

Ինչպե՞ս արձագանքեցին ընկերները/ընտանիքի անդամները, երբ նրանց ասացիք, որ գալիս եք Հայաստան։

Իմ ընտանիքը ուրախ էր ինձ համար։ Մեկ տարի օտար երկրում անցկացնելու իմ նախաձեռնությունը մայրս միշտ համեմատում է մինչև 30 տարեկան դառնալը իր՝ Իրանից դեպի Ավստրալիա, ապա Նյու Յորք ճանապարհորդության հետ։ Բայց ընտանիքի անդամներից մեկը հատկապես ոգևորված էր իմ այս որոշմամբ։ 96-ամյա մեծ հորեղբայրս՝ Երևան Նազարին, հայ է և միշտ ցանկացել է կյանքում գոնե մեկ անգամ սովորել լեզուներ և այցելել Հայաստան, բայց երբեք չի կարողացել: Ամեն անգամ, երբ ես խոսում էի նրա հետ Հայաստանում եղած ժամանակ, մեկ րոպե էլ չէր անցնում, և նրա աչքերը լցվում էին ուրախության և երախտագիտության արցունքներով։

Երբ առաջին անգամ եկաք Հայաստան, ի՞նչը միանգամից գրավեց Ձեր ուշադրությունը։

Իմ կարծիքով հայերը շատ խելացի են, հատկապես լեզուներ սովորելու հարցում։ Ամենաշատը ինձ զարմացրեց երկրում լեզուների բազմազանությունը։ Իրանում ապրելու շրջանում ես Հայաստանը գիտեի միայն Մերձավոր Արևելքով, բայց Հայաստանում ապրելով՝ ես բացահայտեցի երկրի հետխորհրդային դեմքը․ ռուսերենի իմացությունը՝ որպես իր էության անհերքելի մաս, ազգային հպարտությունը՝ որպես նոր ինքնություն և հավատն անգլերենի նկատմամբ՝ որպես հաջողության հասնելու նոր միջոց

Ո՞րն է Հայաստանում Ձեր ամենասիրելի վայրը։

Բացի Բրյուսովից, իմ սիրելի վայրերից մեկը Վերին Դվինն է։ Հայաստանն ինձ համար ասորիներին պաշտպանող երկրներից մեկն է, եթե ոչ միակ երկիրն աշխարհում։ Հայերը ձգտում են ճանաչել մեր պատմությունը, համերաշխ են մեզ հետ (մենք «եղբայրներ» ենք) և աջակցում են ասորական գյուղերում ասորական լեզվի և մշակույթի հաստատությունների բարգավաճմանը: Ամերիկայում ես հազվադեպ եմ ինձ «ասորի» անվանել, քանի որ հազիվ թե որևէ մեկը գիտի, թե դա ինչ է նշանակում, բայց ամեն անգամ, երբ հայ տաքսու վարորդը, տատիկը կամ սովորական մարդիկ հարցնում էին, թե որտեղից եմ, ես հպարտությամբ ասում էի, որ ասորի եմ, ինչին հետևում էր հուզիչ պատասխաններ. «Վա՜յ, ես Արզնիում ասորի ընկեր ունեմ»: Երբեմն Վերին Դվին այցելության ժամանակ տեղացիների հետ ասորերեն էի խոսում, ընկերների տանը անվճար միրգ ու խորոված էի ուտում, եկեղեցի էի գնում, «քավա» (ասորերեն «սուրճ») էի խմում, ինձ հրավիրում էին տուն, ես նաև օգնում էի իմ Ֆուլբրայթի ընկեր Լորիին թարգմանություններ կատարել իր հետազոտության համար, սովորում էի ավանդական պարեր («ռիգդեհ» ասորերենով) և վայելում էի Արարատի մարզի գեղատեսիլ տեսարանները:

Ո՞րն է Ձեր լավագույն ձեռքբերումը Հայաստանում։

Ես մի շարք ձեռքբերումներ ունեցա։ Ինձ համար ամենալավը սիրո միջոցով անգլերեն խոսելու իմ նոր ունակությունն է: Իմ ուսանողները ամերիկացիներից տարբերվում են անգլերեն գրելու և խոսելու առումով, և պատճառներից մեկը նրանց մտերմությունն է. պոեզիայի կիրառումն իրենց գրվածքներում, որպես օտարերկրացի Հայաստանում կյանքի վերաբերյալ մանրամասնություններն ինձ հետ կիսելու ցանկությունը, անգլերենին հայկական շունչ հաղորդելը… Իմ ուսանողների շնորհիվ ես հասկացա, որ լեզուն լսարանի հետ քո կյանքի մասին պատմելն է, ու կարևոր է այդ ամենն անել այնպես, որ լսարանն իրեն կարևոր ու սիրված զգա: Ես հիմա չեմ տխրում Ամերիկայում, քանի որ գիտեմ, որ ես մի ընտանիք եմ կազմել իմ ուսանողների և աշխատակիցների հետ՝ հիմնված լսարանում տիրող սիրո վրա։

Պատկերացրեք, որ մարքեթինքգի մասնագետ եք և պետք է Հայաստանը ներկայացնեք։ Ինչպե՞ս կանեք դա։

Տեսնելով Կալիֆորնիայի երաշտները և գյուղատնտեսության տեղ-տեղ կենտրոնացած շրջանները՝ ես գնահատեցի Հայաստանում օրգանական մթերքների և այլ երևույթների առատությունը, ինչպես օրինակ՝ «պուլպուլակները»: Այն փաստը, որ ես կարող էի գրեթե յուրաքանչյուր թաղամասում անվճար, մաքուր, համեղ ջուր խմել, ուղղակի անհավատալի էր։ Իսկ ծառերին աճող գիլասը, թութն ու ծիրանե՞րը։ Դրանք ուղղակի անասելի համեղ էին։ Երբեմն Հայաստանում որոշ գյուղեր գնալիս ես ճաշելու կարիք չունեի, քանի որ գրեթե ամեն քայլափոխի ինձ տեղական մրգեր էին հյուրասիրում։ Կարծում եմ, որ այս առատությունը Հայաստանից ճառագող հյուրընկալության, սիրո և էներգիայի ցուցիչն է:

Խորհուրդ կտամ այցելուներին ոչ միայն ուսումնասիրել զբոսաշրջային վայրերը, այլ ընկերանալ մարդկանց հետ: Լսել նրանց հիանալի անգլերենը: Սովորել հայերեն․ բարդ, բայց միևնույն ժամանակ ոգեղեն լեզու: Ինձ համար ամենայուրահատուկը տատիկների, պապիկների, ուսանողների, տաքսու վարորդների հետ շփումներն էին։

Ինչպե՞ս կնկարագրեք Անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոնը մեկ նախադասությամբ/բառով։

Ի՜մ ջաներ։

Ի՞նչն եք ամենից շատ կարոտում Հայաստանում։

Իհարկե, նախ և առաջ կարոտում եմ իմ ուսանողներին, հատկապես նրանց էսսեները կարդալը, որոնք լի էին պոեզիայով, հայերեն հնչող անգլերենով, տխրությամբ, հույսով, հումորով և լրջությամբ։ Ամեն անգամ ամերիկյան մշակույթի կամ անգլերենի վերաբերյալ մի նոր բան բացահայտելիս տխրում եմ․ ինքս ինձ կրկնում եմ «Երանի կարողանայի պատմել այս ամենի մասին իմ ուսանողներին»։ Կարոտում եմ նրանց հետ զրուցելը։

Կարոտում եմ նաև իմ կատվին՝ Պինոյին, որին ես փողոցից էի գտել, երբ նա դեռ մեկ ամսական էլ չկար։ Նա հիմա ապրում է մի ասորի ընտանիքի հետ Վերին Դվինում։

Ո՞րն է եղել Ձեզ համար ամենասարսափելի պահը/փորձը այստեղ: Ի՞նչն է Հայաստանում զարմացրել Ձեզ։ Փոխվե՞լ է Ձեզ մեջ ինչ-որ բան այս ընթացքում։

Ամենասարսափելի պահերից մեկը Վեդիի Հրեշտակների ձորի մոտ ճանապարհին միայնակ հայտնվելն էր։ Մռայլ, անձրևոտ օր էր, հեռախոսիս մարտկոցն էլ նստել էր։ Բարեբախտաբար, մի տաքսու վարորդ նկատեց ինձ, ձայն տվեց ու վերցրեց ճանապարհից։ Ես նրա հետ հայերեն էի խոսում ու հասկացա, որ որտեղ էլ լինեմ Երևանից դուրս կարող եմ ապավինել հայերի օգնությանն ու իմ հմտություններին։

Ես նաև վախենում էի, որ սխալ տեղեկություններ կտամ ուսանողներին, ովքեր կախված էին ինձնից՝ որպես Ամերիկան և անգլերենը ներկայացնող անձ: Բայց արդեն ընդունում եմ այն փաստը, որ ես կարող եմ սխալվել։ Ու հույս ունեմ՝ կարողացել եմ բացատրել իմ ուսանողներին, որ ես 300 միլիոն ամերիկացիներից միայն մեկն եմ և ուզում եմ նրանց մեջ հետաքրքրություն առաջացնել, այլ ոչ թե հագեցնել այդ հետաքրքրասիրությունը։

Ի՞նչ կտանեք Ձեզ հետ Հայաստանից։

Ինչ վերաբերում է ֆիզիկական առարկաներին, ես ինձ հետ կտանեմ․

➢ Դիլիջանի ջրվեժի ջուրը,
➢ Օղի Գյումրիից, որը կխմեմ ընկերեներիս հետ, երբ նրանց պատմեմ Հայաստանում իմ ճանապարհորդության մասին,
➢ Խճաքարեր Սևանից,
➢ Քարեր Արագածի գագաթից (որոնք ես գտել եմ այն ժամանակ, երբ ամռանն իրականացրի խաշ ուտելու իմ երազանքը)

Բրյուսովից ինձ հետ կտանեմ իմ բոլոր ուսանողների էսսեները, քննությունները, նվերները և նախագծերը, որպեսզի հպարտորեն դրանք ցույց տամ իմ բոլոր ամերիկացի դասախոսներին և ընկերներին։ Ու կկարդամ դրանք այն ժամանակ, երբ սիրո ու ներշնչանքի կարիք զգամ։

Ո՞րն է Ձեր հաջորդ քայլը։

Օքսֆորդը․․․ Ես շատ նյութեր կկարդամ, որպեսզի գրեմ 40, 000 բառից բաղկացած իմ մագիստրոսական հետազոտությունը 20-րդ դարում Իրանում ապրող հայ և ասորի արվեստագետների մասին։

Չնայած այդպես հեռու կլինեմ Հայաստանից, բայց Օքսֆորդում ինձ ավելի մոտ կզգամ Հայաստանին, քան եթե մնամ Բրյուսովում, քանի որ ես նոր լեզու կսովորեմ, ինչպես իմ ուսանողները և կխորացնեմ Հայաստանի վերաբերյալ իմ գիտելիքները։

Ես մտադիր եմ վերադառնալ Հայաստան և դասավանդել, քանի որ այն ինձ մեծ հաճույք է պատճառում։

Հայաստանում հասկացա, որ համալսարանն ավարտելը ոչ թե ամեն ինչի վերջն է, այլ՝ մի նոր սկիզբ. Ռայան Նազարի