2025 թ․ հունիսի 5-ին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի նիստերի փոքր դահլիճում կայացավ իտալերենի մասնաբաժնի կազմակերպած հերթական մշակութային միջոցառումը, որը նվիրված էր իտալական գրականության նշանավոր արձակագիր Գրացիա Դելեդային։ Գրողը ծնվել է 1871 թվականին Սարդենիայի Նուորո քաղաքում՝ ազնվականների ընտանիքում։ Իր ստեղծագործական հարուստ ժառանգության շնորհիվ նա 1926 թվականին դարձել է առաջին իտալացի կին գրողը, որն արժանացել է Նոբելյան մրցանակի։

Միջոցառման ընթացքում դասախոսություն ներկայացրեց Կարլո Անեդան՝ իտալացի լեզվակիր ուսուցիչ, որն այս ուսումնական տարում գործուղվել է Երևան՝ Իտալիայի կառավարության կողմից՝ իտալերենը Երևանի ավագ դպրոցներում դասավանդելու նպատակով։ Սա Անեդայի կարդացած երրորդ և եզրափակիչ դասախոսությունն էր մեր համալսարանում, որը լիովին նվիրված էր Դելեդայի կյանքին ու գրական գործունեությանը։ Բանախոսը մանրամասն ներկայացրեց գրողի կենսագրական ու ստեղծագործական ուղին՝ ընդգծելով նրա գրականության մեջ արտահայտվող սոցիալական ու հոգեբանական խնդիրները։

Միջոցառման առանցքային պահերից էր նաև բանավեճը Դելեդայի «Եղեգնուտը քամու դեմ» (“Canne al vento”) վեպի շուրջ։ Քննարկմանը մասնակցեցին իտալերենի մասնաբաժնի դասախոսները, ուսանողները և Կարլո Անեդան։ Վեպը նախապես ընթերցվել էր, ինչը հնարավորություն տվեց մասնակցել խորքային վերլուծության և կարծիքների փոխանակման։

Միջոցառումն ավարտվեց 4-րդ կուրսի ուսանողուհի Անի Փարեմուզյանի` իտալական ժամանակակից երգերի կատարումով, որը ստեղծեց ջերմ և հուզիչ մթնոլորտ։

Միջոցառմանը ներկա էին նաև Երևանի մի շարք դպրոցներում իտալերեն դասավանդող լեզվակիր ուսուցչուհի Պաոլա Սանտորոն, Հայաստանում ուսման կամ աշխատանքի բերումով գտնվող իտալացի հյուրեր, ինչպես նաև Դանթե Ալիգիերիի երևանյան կոմիտեի անդամներ։

Իտալերենի մշակութային միջոցառում՝ նվիրված նշանավոր արձակագիր Գրացիա Դելեդային