Փետրվարի 12-ին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում նշվեց հունարենի համաշխարհային օրը՝ ընդգծելով հունարենի և հայ-հունական լեզվամշակութային կապերի կարևորությունը։

Միջոցառմանը ներկա էին ԲՊՀ ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը, Հայաստանում Հունաստանի դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը, Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ղեկավար գնդապետ Արսեն Մանգասարյանը, այլ պաշտոնյաներ, դասախոսներ, ուսանողներ և հունական համայնքի ներկայացուցիչներ։

Ողջույնի խոսքով հանդես եկան ԲՊՀ ռեկտոր Դ. Գյուրջինյանը և Հայաստանում Հունաստանի դեսպան Խ. Սոֆիանոպուլոսը՝ կարևորելով հունարենի դերը։ Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի դոկտորներ Գոհար Մուրադյանը և Արամ Թոփչյանը ներկայացրեցին հունարենի պատմության կարևոր փաստերը և հունական գրականության' հին ու ժամանակակից հայերենով թարգմանությունները:

Ուսանողները ներկայացրեցին հույն բանաստեղծների գործեր՝ հնչյունավորելով հունական դասական երաժշտությամբ։ Ուսուցիչ Միխալիս Սերեպեցիսը հունարենով ասմունքեց Սիլվա Կապուտիկյանի «Խոսք իմ որդուն» բանաստեղծությունը՝ ընդգծելով մշակութային կապերի խորությունը։

Հունարենի համաշխարհային օրը ԲՊՀ-ում կդառնա ամենամյա ավանդույթ՝ ամրապնդելով հայ-հունական բարեկամությունը և նպաստելով լեզվամշակութային կապերի զարգացմանը։

Հունարենի համաշխարհային օրը ԲՊՀ-ում․ լեզվամշակութային տոն