Ս․ թ․ հունիսի 6-ին մեր համալսարանի Գերմաներենի ամբիոնը հրաժեշտի ցերեկույթ էր կազմակերպել՝ ի պատիվ ամբիոնում վերջին տարիներին աշխատող հրավիրյալ դասախոսների և պրակտիկանտների։
Իրենց գործունեությունը ԲՊՀ-ում ավարտում էին ԴԱԱԴ (Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայություն) լեկտոր Անեգրետ Բայերը, Հայաստանում ÖeAD դասախոս Էլիզաբեթ Շյութերը, շվեյցարացի պրակտիկանտ Մառա Մայերը և գերմանացի պրակտիկանտ Ուշի Գմելխը։
Հնգամյա նվիրված և արդյունավետ աշխատանքի համար ամբիոնն իր շնորհակալությունն էր հայտնում ԴԱԱԴ լեկտոր Անեգրետ Բայերին, ով վերջին հինգ տարիներին անձնվիրաբար փորձել էր մեր ուսանողներին փոխանցել արժեքավոր գիտելիքներ գերմաներենի ուսուցման իր գործում։
Ցերեկույթի ընթացքում մեր ուսանողները կարդացին գերմանացի հեղինակների ստեղծագործությունների հայերեն թարգմանությունները՝ զուգորդելով դրանք բնագրերին, ներկայացրին հայկական մշակույթը՝ երգ ու պարի միջոցով։ Ցուցադրվեց տեսանյութ, որտեղ ամբիոնի բոլոր դասախոսներն իրենց խոսքն էին ուղղում Ա․ Բայերին՝ բնութագրելով նրա կերպարը։
Գերմաներենի ամբիոնի վարիչի ժ/պ Ե․ Էթարանը, որը միջոցառման կազմակերպիչն էր և վարում էր ցերեկույթը, իր և ողջ ամբիոնի անունից խորին շնորհակալություն հայտնեց օտարազգի դասախոսներին և պրակտիկանտներին՝ կատարած աշխատանքի համար՝ միաժամանակ ընդգծելով, որ իրենց համար շատ տխուր է բաժանվել արդեն հարազատ դարձած գործընկերներից, մասնավրապես՝ Անեգրետ Բայերից։ Վերջինս ամենաերկարն էր աշխատել ԲՊՀ-ում և իր գործունեության 5 տարվա ընթացքում հասցրել էր սիրվել թե՛ ուսանողների, թե՛ դասախոսների կողմից և դառնալ նրանց հարազատ։