Ս․ թ․ հունիսի 6-ին մեր համալսարանի Գերմաներենի ամբիոնը հրաժեշտի ցերեկույթ էր կազմակերպել՝ ի պատիվ ամբիոնում վերջին տարիներին աշխատող հրավիրյալ դասախոսների և պրակտիկանտների։

Իրենց գործունեությունը ԲՊՀ-ում ավարտում էին ԴԱԱԴ (Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայություն) լեկտոր Անեգրետ Բայերը, OSD  լեկտոր Էլիզաբեթ Շութը, շվեյցարացի պրակտիկանտ Մառա Մայերը և գերմանացի պրակտիկանտ Ուշի Գմելխը։

Հնգամյա նվիրված և արդյունավետ աշխատանքի համար ամբիոնն իր շնորհակալությունն էր հայտնում ԴԱԱԴ լեկտոր Անեգրետ Բայերին, ով վերջին հինգ տարիներին անձնվիրաբար փորձել էր մեր ուսանողներին փոխանցել արժեքավոր գիտելիքներ գերմաներենի ուսուցման իր գործում։ 

Ցերեկույթի ընթացքում մեր ուսանողները կարդացին գերմանացի հեղինակների ստեղծագործությունների հայերեն թարգմանությունները՝ զուգորդելով դրանք բնագրերին, ներկայացրին հայկական մշակույթը՝ երգ ու պարի միջոցով։ Ցուցադրվեց տեսանյութ, որտեղ ամբիոնի բոլոր դասախոսներն իրենց խոսքն էին ուղղում Ա․ Բայերին՝ բնութագրելով նրա կերպարը։

Գերմաներենի ամբիոնի վարիչի ժ/պ Ե․ Էթարանը, ով վարում էր ցերեկույթը, իր և ողջ ամբիոնի անունից խորին շնորհակալություն հայտնեց օտարազգի դասախոսներին և պրակտիկանտներին՝ կատարած աշխատանքի համար՝ միաժամանակ ընդգծելով, որ իրենց համար շատ տխուր է բաժանվել արդեն հարազատ դարձած գործընկերներից, մասնավրապես՝ Անեգրետ Բայերից։ Վերջինս ամենաերկարն էր աշխատել ԲՊՀ-ում և իր գործունեության 5 տարվա ընթացքում հասցրել էր սիրվել թե՛ ուսանողների, թե՛ դասախոսների կողմից և դառնալ նրանց հարազատ։

Գերմանացի և շվեյցարացի գործընկերներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին ԲՊՀ-ին և մասնավորապես Գերմաներենի ամբիոնին՝ ցուցաբերած ջերմ ընդունելության համար։ Նրանք իրենց խոսքում հատուկ ընդգծեցին, որ Հայաստանում անցկացրած տարիներն ու ամիսները անմոռանալի են դառնալու ողջ կյանքի համար։ Ա․ Բայերը հատուկ ընդգծեց, որ դեռևս չի հաշտվում այն մտքի հետ, որ ամառային արձակուրդից հետո այլևս չի վերադառնալու Հայաստան։

ԲՊՀ ռեկտոր Դ․ Գյուրջինյանը նույնպես շնորհակալություն հայտնեց հյուրերին՝ իրենց կատարած անձնվեր աշխատանքի համար և շեշտեց, որ ԲՊՀ-ի և Հայաստանի դռները մշտապես բաց են նրանց առջև։

Գերմաներենի ամբիոնում նաև բացվեց խորհրդանշական դարակաշար՝ ի պատիվ Անեգրետ Բայերի, որտեղ պահվում են նրա կողմից իրականացված բոլոր ծրագրերի փաստաթղթերը։

Ցերեկույթին հաջորդեց հյուրասիրություն, ինչպես նաև ամբիոնը նվերներ հանձնեց օտարազգի դասախոսներին և պրակտիկանտներին։

Հրաժեշտի ցերեկույթ՝ ի պատիվ Գերմաներենի ամբիոնի հրավիրյալ դասախոսների